Հայաստան

ՄԻՊ աշխատակազմում հյուրընկալվել են «Խորհուրդ X» երիտասարդական կազմակերպության անդամները և ԵՊՀ ուսանողները

3 րոպեի ընթերցում

ՄԻՊ աշխատակազմում հյուրընկալվել են «Խորհուրդ X» երիտասարդական կազմակերպության անդամները  և ԵՊՀ ուսանողները

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 17-ին Ուսանողների միջազգային օրվա շրջանակում հյուրընկալել է «Խորհուրդ X»  երիտասարդական կազմակերպության անդամներին և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին։

 Պաշտպանը շնորհավորել է ուսանողներին օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Անահիտ Մանասյանն ուսանողներին ներկայացրել է   Պաշտպանի լիազորությունների շրջանակը, գործունեության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին:

 Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ՄԻՊ հաստատությունն անկախ և  ապաքաղաքական կառույց է, որի առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումն է՝ ներառյալ կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների միջոցով։

 Պաշտպանը նաև ընդգծել է, որ մարդու իրավունքների ոլորտում չափանիշները շարունակաբար զարգանում են, ուստի դրանց ուսումնասիրությունն ու դասավանդումը պետք է հիմնված լինեն ժամանակակից մոտեցումների և մարտահրավերների վերլուծության վրա։

Պաշտպանը շեշտել է, որ մարդու իրավունքները չի կարելի բաժանել կարևորների և անկարևորների կամ քաղաքականացնել դրանց պաշտպանության հարցերը՝ ընդգծելով, որ իրավական պետության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի առանցքային ցուցիչներից է խոցելի վիճակում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքն ու նրանց իրավունքների ապահովումը։

Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով. ուսանողները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող մի շարք հարցեր՝ կապված քրեակատարողական հիմնարկներ և մարզեր այցերի, Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների, երեխաների իրավունքների պաշտպանության, բռնության դեպքերի կանխարգելման, աշխատանքային իրավունքների պաշտպանության, իրազեկման աշխատանքների, ինչպես նաև Պաշտպանի լիազորությունների գործիքակազմի, անկախության երաշխիքների, «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի և այլ հարցերի հետ։

 Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին ակտիվ և բովանդակային քննարկման համար։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսանողների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում