Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բաց սահման ունենալ հենց այսօր․ Ռուբինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բաց սահման ունենալ հենց այսօր․ Ռուբինյան

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ ունենալ հենց այսօր։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նոյեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքին։

«Ես կարծում եմ՝ ոչ մի խոչընդոտ չկա օր առաջ ունենալ Հայաստան-Թուրքիա բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ։ Մենք պատրաստ ենք այդպիսի իրավիճակ ունենալ հենց այսօր, հենց վաղը։ Մնացածն արդեն Թուրքիայի դաշտում է»,- ընդգծել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ Մարգարա-Ալիջան սահմանային անցման երկու կողմերի անցակետերը վերականգնված են և պատրաստ են գործարկման։

Ռուբինյանը հայտնել է նաև, որ թուրքական կողմը սկսել է Կարս-Գյումրի երկաթգծի՝ իր տարածքով անցնող հատվածի վերանորոգումը մինչև Հայաստանի սահման։

«Լավ լուրն այն է, որ թուրքական կողմը սկսել է Կարս-Գյումրի, այսինքն՝ իրենց կողմից երկաթգծի վերանորոգումը մինչև մեր սահման, և առնվազն իմ վերջին ինֆորմացիայով նրանք ընթացքի մեջ էին»,- ասել է ԱԺ նախագահը։

Նա նշել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, իսկ քննարկումներն ընթանում են արտաքին գործերի նախարարությունների մակարդակով։

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության հանձնառությունների առաջմղում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման և սահմանի բացման ուղղությամբ շարունակվող ակտիվ երկխոսությանը։

Ավելի վաղ, Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին։ Նա նշել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում երկուստեք արձանագրել են առաջընթացը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում