Հայաստան

«Ֆոտոլուր»-ը հաղթել է հեղինակային իրավունքի խախտման առնչությամբ դատական գործում

2 րոպեի ընթերցում

«Ֆոտոլուր»-ը հաղթել է հեղինակային իրավունքի խախտման առնչությամբ դատական գործում

«Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը երեք տարի տևած դատական գործում հաղթել է և փոխհատուցում ստացել 1in.am լրատվական կայքից։ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեք տարի շարունակ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին պատկանող 1in.am լրատվականն առանց բաժանորդագրության իր հարթակում օգտագործել է «Ֆոտոլուր»-ին պատկանող հարյուրավոր լուսանկարներ՝ խախտելով հեղինակային իրավունքը։

«Սկզբում հեռախոսազանգի միջոցով իրենց զգուշացրեցի, որ առանց բաժանորդագրվելու մեր լուսանկարները չօգտագործեն, հետո նաև գրավոր կերպով նախազգուշացրի, սակայն նրանք չդադարեցրին այդ գործելակերպը։ Բանավոր և գրավոր նախազգուշացումները նրանց կողմից անտեսվելուց հետո դիմեցի փաստաբանի, վերջինս էլ շատ լավ գործին ընթացք տվեց։ Դատական գործընթացը տևեց երեք տարի։ Նախ՝ հաղթել եմ Առաջին ատյանի դատարանում, հետո նրանք բողոքարկել են, և գործը տեղափոխվել է Վճռաբեկ դատարան, այնտեղ ևս հաղթել եմ, հետագայում գործը քննվել է Վերաքննիչ և կրկին Վճռաբեկ դատարաններում։ Ի վերջո, Վճռաբեկ դատարանն ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։ Դատարանի որոշմամբ՝ տվյալ լրատվամիջոցը հեղինակային իրավունքի խախտման համար 2 միլիոն 500 հազար դրամ փոխհատուցում է վճարել «Ֆոտոլուր» լրատվական գործակալությանը»,- ասաց Մելիք Բաղդասարյանը։

«Ֆոտոլուր»-ի տնօրենը նաև հավելեց, որ իրենց լուսանկարներն առանց բաժանորդագրության մասսայական օգտագործող այլ լրատվամիջոցներ ևս կան։ Մելիք Բաղդասարյանն անուններ չնշեց, բայց տեղեկացրեց, որ պատրաստվում են հեղինակային իրավունքը պարբերաբար խախտող մյուս լրատվամիջոցների դեմ ևս ներկայացնել դատական հայցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում