Հայաստանում գործարկվել է կլիմայական ռիսկերի ինտերակտիվ քարտեզ
7 րոպեի ընթերցում

Հայաստանի կենտրոնական բանկը Ասիական զարգացման բանկի աջակցությամբ մշակել և հանրությանը հասանելի է դարձրել երկրի կլիմայական ու բնական վտանգների ինտերակտիվ քարտեզը։ Այն բնակավայրերի մակարդակով ներկայացնում է տարբեր ռիսկերը և կարող է օգտագործվել ֆինանսական, ներդրումային ու տարածքային որոշումների նախնական հիմնավորման համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագրի պաշտոնական ներկայացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 29-ին Կենտրոնական բանկում։ Միջոցառմանը մասնակցեցին ԿԲ-ի, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Գործիքը հասանելի է ԿԲ-ի պաշտոնական կայքէջում։

Քարտեզում հնարավոր է գտնել առանձին բնակավայր, դիտել դրանց առնչվող վտանգները, համեմատել այլ բնակավայրերի հետ և առանձնացնել այն տարածքները, որտեղ ավելի խորքային ուսումնասիրություն է անհրաժեշտ։ Հարթակի հրապարակված հաշվարկային աղյուսակում այս պահին ցուցադրվում է 1001 գրառում՝ բնակավայրի անունով, համայնքով ու մարզով, բնակչության վերաբերյալ առկա տեղեկությամբ, առանձին վտանգների ցուցանիշներով և համակցված ինդեքսով։
ԿԲ-ի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը ներկայացնելու ժամանակ խոսեց նախաձեռնության տնտեսական նշանակության մասին՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ մշակված քարտեզն արդեն հասանելի է ԿԲ-ի կայքում և դարձել է հանրային գործիք։

«Կլիմայական ռիսկերը գնալով վերածվում են տնտեսական ռիսկերի։ Մենք տեսնում ենք նաև մեր երկրի իրականության մեջ դրանց տարբեր դրսևորումները. դրանք արդեն դառնում են չափելի ցուցանիշներ»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ ԿԲ-ն կարևորում է նաև այս թեմայով իրազեկումը։
Մանուկյանի խոսքով՝ քարտեզն ավելի լայն հնարավորությունների առաջին քայլն է։
«Շատ ցանկալի կլինի, որ այս տվյալների հիման վրա հետագայում կարողանանք ինտեգրել նաև շենքերն ու շինությունները, ունենանք սոցիալական որոշակի վիճակագրություն, կառուցվածքի, բնակիչների սեռատարիքային տվյալներ, որպեսզի հատկապես վաղ ազդարարման համակարգերում կարողանանք ավելի արագ և թիրախային աջակցություն տրամադրել»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ սա միայն վարկավորման կամ նմանատիպ որոշումների համար չէ։ Պետական կառավարման մարմինները նույնպես կարող են այս տվյալներն ինտեգրել իրենց որոշումներում և կանխարգելել ապագա ռիսկերը։
ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան նշեց, որ կլիմայի փոփոխության հետևանքները վերաբերում են ոչ միայն շրջակա միջավայրին, այլև տնտեսական զարգացմանը, մարդկանց առողջությանը, ֆինանսական շուկաներին և ֆինանսական կայունությանը։

«Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է տվյալների և որակյալ վերլուծության հիման վրա կայացնել հիմնավորված որոշումներ։ Կլիմայական ռիսկերը միատեսակ չեն. դրանց բնույթն ու հնարավոր ազդեցությունը տարբերվում են՝ ըստ ոլորտների և վայրերի։ Այդ ռիսկերը գնահատելու և տեղեկությունն արդյունավետ օգտագործելու կարողությունն ամրապնդելու համար ենք այսօր այստեղ»,- ասաց Սաբիրովան։
Նրա խոսքով՝ գործիքը միավորում է տարածական տեղեկատվությունը, մեթոդաբանությունն ու դրա կիրառման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ մոտեցումները։

«Այն ավելին է, քան թվային հարթակը։ Եվ այն, որ գործիքն արդեն մշակված է, չի նշանակում, թե մենք հեռանում ենք. մեր փորձագետները շարունակելու են աշխատել ձեզ հետ՝ այն կատարելագործելու համար»,- նշեց Սաբիրովան՝ կարևորելով, որ քարտեզից օգտվեն նաև մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունն ու վերլուծական համայնքը։
ԱԶԲ-ի ֆինանսական հատվածի գրասենյակի ծրագրերի ղեկավար, ավագ փորձագետ Մարինե Նիկողոսյանը կարևորեց գործիքի գործնական կիրառությունը։

«Շատ հաճախ կլիմայական ռիսկերը ներկայացվում են բավականին տեսականորեն և շոշափելի չեն դառնում։ Այս գործիքը թույլ է տալիս ունենալ ավելի կոնկրետ, հստակ, չափելի, հիմնավորված և համադրելի տեղեկատվություն»,- ասաց նա։
Նիկողոսյանի ներկայացմամբ՝ մշակման սկզբնական փուլում ձևավորվել է քարտեզը, հաջորդիվ՝ վտանգներին տրվել են հաշվարկային կշիռներ, իսկ վերջնական փուլում ստեղծվել է նաև շարժական սարքերով օգտագործման տարբերակ։
«Մեր համար այս աշխատանքի արժեքը հենց ամբողջական մոտեցման մեջ է. այն տեսական դաշտից անցում է կատարում դեպի գործնական կիրառում, միավորում է տարածական վերլուծությունը և պաշտոնական տեղեկատվությունը։

Այս գործիքը ոչ մի պարագայում այս փուլում չպետք է դիտարկվի որպես պարտադիր ֆինանսական գնահատման ուղեցույց։ Այն նախատեսված է որպես օժանդակ գործիք, որպեսզի բանկերը ռիսկերը գնահատելիս կարողանան ավելի ճիշտ պատկերացում կազմել»,- ասաց Նիկողոսյանը։ Նրա խոսքով՝ հետագայում նպատակ ունեն ընդլայնել քարտեզի կիրառությունը ֆինանսական համակարգից դուրս։
Հարթակում կան երաշտի, շոգի, ջրհեղեղների, սելավների, սողանքների, կարկուտի, ցրտահարության և ջրի հասանելիության վերաբերյալ շերտեր։ Ինտերակտիվ քարտեզում առանձին հնարավոր է միացնել նաև հեղեղման դեպքերի, 2011–2025 թվականների ջերմաստիճանի և տեղումների փաստացի փոփոխության, երաշտի հաճախականության, 2018–2025 թվականների այրված տարածքների, վարչական սահմանների և բնակավայրերի շերտերը։ Տարբեր շերտերը հնարավորություն են տալիս ընդհանուր միավորի կողքին տեսնել տվյալ վայրի կոնկրետ վտանգները։

ԿԲ-ի գնահատմամբ՝ քարտեզն առաջին հերթին նախատեսված է ֆինանսական կազմակերպությունների համար։ Եթե բանկը կամ ապահովագրական ընկերությունն իր հաճախորդների գույքի և պորտֆելի տվյալները համադրի քարտեզի հետ, կարող է ավելի լավ պատկերացնել վարկավորման, գրավի գնահատման, ապահովագրության և պորտֆելի կառավարման հետ կապված ֆիզիկական կլիմայական ռիսկերը։ Օրինակ՝ նույն տնտեսական գործունեությունը տարբեր բնակավայրերում կարող է ենթարկվել տարբեր բնույթի վտանգների, և քարտեզը հուշում է, թե որտեղ է պետք լրացուցիչ ուսումնասիրություն։
Գործիքը կարող է օգտակար լինել նաև ենթակառուցվածքների ու տարածքների պլանավորման, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և հետազոտությունների համար։ Այն թույլ է տալիս նախնական փուլում համեմատել տեղանքները, քննարկել հարմարվողականության միջոցառումները և որոշել, թե որ դեպքերում են անհրաժեշտ տեղային չափումներ կամ մասնագիտական եզրակացություն։