Քաղաքականություն

Եթե ՌԴ-ն ցանկանում է դուրս բերել 102-րդ ռազմաբազան, պետք է հայտարարի դրա մասին. ԱԺ նախագահի տեղակալ

2 րոպեի ընթերցում

Եթե ՌԴ-ն ցանկանում է դուրս բերել 102-րդ ռազմաբազան, պետք է հայտարարի դրա մասին. ԱԺ նախագահի տեղակալ

Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից որևէ դիմում կամ հաղորդում չի ստացել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մտադրության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։

Լրագրողը հիշեցրեց՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանից ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ դիմում չի ստացել և շարունակում է ռազմաբազան համարել Հայաստանի ու Հարավային Կովկասի անվտանգության կարևոր բաղադրիչ։

«Որքանով ես եմ տեղյակ՝ Հայաստանի Հանրապետությունն էլ՝ Պաշտպանության նախարարությունը կամ Արտաքին գործերի նախարարությունը, և հատկապես խորհրդարանն էլ Ռուսաստանի Դաշնությունից նման դիմում չեն ստացել կամ նման տեղեկանք կամ հաղորդում, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է դուրս բերել ռազմաբազան»,- պատասխանեց Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ եթե ռուսական կողմը ցանկանում է դուրս բերել ռազմաբազան, այդ հարցը կարելի է քննարկել։

«Եթե իրենք ցանկանում են դուրս բերել ռազմաբազան, կարելի է հասկանալ, քննարկել։ Մենք էլ իրենցից դիմում չենք ստացել։ Կարող է առաջիկայում իրենք դիմեն, թե ոչ՝ չգիտեմ։ Եթե նրանք ուզում են հանել ռազմաբազան, պետք է հայտարարեն դրա մասին»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալը։

Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան Երևանից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում