Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման
2 րոպեի ընթերցում

2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ շահումով խաղ է համարվում ռիսկի վրա հիմնված՝ շահելու հնարավորություն ընձեռող ցանկացած մեքենայացված խաղը (ծրագրավորված և (կամ) մեխանիկական խաղերի անցկացման համար նախատեսված խաղային արտադրանքով անցկացվող խաղը), որի ժամանակ շահողը որոշվում է այդ արտադրանքում պարունակվող հատուկ ծրագրի և (կամ) մեխանիկական համակարգի միջոցով` խաղացողի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից՝ ընդգծելով, որ նշված իրավակարգավորման շրջանակում շահումով խաղ է համարվում նաև «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով կազմակերպվող խաղը։
«Միաժամանակ, տեղեկացնում ենք՝ Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղի կազմակերպումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ»,– նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է՝ 2027 թվականի փետրվարի 8-ից «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով իրականացվող խաղերը կազմակերպել բացառապես համապատասխան լիցենզիայի առկայության և օրենքի պահանջների պահպանմամբ։