QS վարկանիշավորման կազմակերպությունը կաջակցի Հայաստանի բուհերի առաջընթացին. ազդարարվեց համագործակցության մեկնարկը
6 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը համագործակցություն են սկսում համաշխարհային համալսարանական վարկանիշավորման առաջատար կազմակերպություններից մեկի՝ QS Quacquarelli Symonds-ի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառմանը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին Երևանում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ կրթության զարգացման ծրագրի կարևորագույն նպատակներից է անել հնարավորը, որ 2030 թվականի դրությամբ Հայաստանի բուհերից առնվազն չորսը տեղ գտնեն միջազգային վարկանիշավորման համակարգերի լավագույն 500-յակում։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ համագործակցությամբ ձեռք բերված պայմանագրում ներառված են Երևանի պետական, Երևանի պետական բժշկական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանները։

«Պոլիտեխնիկական համալսարանը մի քանի այլ բուհերի և գիտական ինստիտուտների հետ լինելու է տեխնոլոգիական կլաստերի հիմքում, Երևանի պետական համալսարանը՝ դասական կլաստերի հիմքում, Բժշկական համալսարանը՝ բժշկական կլաստերի։ Այս աշխատանքն անում ենք՝ այն մեկնարկելով մեր բուհերի հետ, որոնք ապագայում բուհերի խոշորացման, գիտական ինստիտուտների հետ ինտեգրացված աշխատանքի ընթացքում լինելու են շատ կարևոր կլաստերների հիմնային ենթակառուցվածքներ, ինստիտուտներ»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ ակնկալում են, որ QS-ի գործընկերների աջակցությամբ Հայաստանի բուհերը կկարողանան անել անհրաժեշտ փոփոխությունները և վարկանիշավորման համակարգերում առաջընթաց գրանցել, իսկ առաջընթացն առաջին հերթին վկայում է կրթության որակի, գործատուների և աշխատաշուկայի բավարարվածության մակարդակի, ուսանողների համար բարձրագույն կրթության գրավչության մեծացման մասին։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ համագործակցությունը կարճաժամկետ բնույթ չի կրում. ծրագրված է մի քանի տարվա աշխատանք։ Ըստ նախարարի՝ շատ բան կախված է մեզնից։ «Մենք պետք է գիտակցենք այդ փոփոխությունների անհրաժեշտությունն ու պատրաստ լինենք դրանց։ Արագ արդյունքի հասնելը կախված է նրանից, թե մենք ինչ ծավալով կաշխատենք, և ես վստահ եմ, որ 2030-ի թիրախը շատ իրատեսական է»,-եզրափակեց նա։
QS Quacquarelli Symonds-ի խորհրդատվության և վերլուծությունների ղեկավար Ժակ դը Շամփշընելն էլ ներկաներին ներկայացրեց իրենց գործունեության լայն շրջանակն ու հավաստիացրեց՝ Հայաստանի բուհերի կողմից ճիշտ հարցադրումների, քննադատական մոտեցումների ու կառուցողական աշխատանքի դեպքում հնարավոր է արագ արդյունքի հասնել։

Նրա խոսքով՝ բարձրագույն կրթությունը ենթադրում է ուսուցում, հետազոտություն, նորարարություն և ազդեցություն։
«Մեր ուշադրության կենտրոնում ուսանողն է, և մենք մեզ դիրքավորում ենք հենց ուսանողի տեսանկյունից։ Այստեղ ենք՝ աջակցելու ուսանողներին իրենց ապագան կերտելու գործում։ Մեր հավակնոտ նպատակն է հզորացնել ապագա սովորողների՝ աշխարհով մեկ սփռված մեկ միլիարդանոց բանակը։ Համարում ենք, որ ունենք համապատասխան իրավասություն և հիմքեր՝ աջակցելու ձեզ այս հավակնոտ առաքելության իրականացման գործում»,-ասաց Ժակ դը Շամփշընելը՝ կարևորելով տվյալների, փորձառության և դրանք կապող օղակի՝ կրքի դերը։
Ըստ QS Quacquarelli Symonds-ի խորհրդատվության և վերլուծությունների ղեկավարի՝ խոսքն այն հավակնոտ ձգտման մասին է, որը Հայաստանն արտահայտել է որպես համաշխարհային մակարդակի կրթության և հետազոտությունների կենտրոն իմաստալից կերպով դիրքավորելու վերաբերյալ։ «Մենք առաջնորդվում ենք ազգային տեսլականով, այնուհետև կենտրոնանում ենք՝ սկզբնական փուլում դիտարկելով երեք հայկական համալսարան՝ գնահատելու դրանց գործունեությունը, աջակցելու, օգնելու ճիշտ դիրքավորվել և առաջարկելու գործնական լուծումներ ու խորհուրդներ՝ համաշխարհային ասպարեզում դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Կարևոր է Հայաստանի երկարաժամկետ դիրքավորումը՝ հետազոտական ոլորտում ավելի ամուր հեղինակություն և ճանաչելիություն ձեռք բերելու տեսանկյունից։ Սա է հիմնական գաղափարը, բայց բարձրագույն կրթության այս համաշխարհային գաղափարն ունի իր նպատակը՝ պատրաստել հաջորդ սերնդին, որը կշարունակի զարգացնել համաշխարհային գիտելիքը և դրական ազդեցություն կունենա աշխարհի վրա»,-շեշտեց Ժակ դը Շամփշընելը։
Խոսելով գաղափարների իրականացման եղանակի մասին՝ նա տեղեկացրեց, որ պարբերաբար այցելելու են Հայաստան, անցկացնելու են ինտերակտիվ աշխատաժողովներ և սեմինարներ։
«Մենք այստեղ ենք՝ առաջարկություններ ներկայացնելու, կարևորագույն կետերն ընդգծելու և խորքային պատկերացումներ ու վերլուծություններ փոխանցելու համար։ Ակնկալվում է, որ կմոտենաք գործընթացին բաց մտքով և քննադատական մտածողությամբ. կարևոր է տալ ճիշտ հարցեր և քննարկման առարկա դարձնել մեր ներկայացրած տեղեկատվությունը, ինչը կօգնի նաև ձեզ ինքնաքննադատական հայացքով նայել սեփական գործունեությանը։ Կարևոր է նաև ներգրավել համապատասխան մասնագետների թե՛ երկրի, թե՛ կառավարության, թե՛ ոլորտի, թե՛ յուրաքանչյուր ստորաբաժանման մակարդակով, որպեսզի բոլորը հասկանան գործընթացի էությունը և գիտակցեն, որ այդ վերլուծությունները, տվյալներն ու առաջարկությունները կներկայացվեն երկխոսության ձևաչափով՝ ձեզ աջակցելու նպատակով»,-շեշտեց QS Quacquarelli Symonds-ի խորհրդատվության և վերլուծությունների ղեկավարը։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ բուհերի ռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ։