ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը
3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում առաջարկ է հնչել պարտադիր դարձնել ժառանգներին ծանուցելը՝ մահացած քաղաքացիների կուտակային կենսաթոշակային միջոցները պետական բյուջե փոխանցելու վերաբերյալ դատական գործերի քննության ժամանակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցը բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` Աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում դիմելով աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանին։
Պատգամավորը հղում արեց «Հետք»-ի հրապարակմանը՝ հետաքրքրվելով մահացած քաղաքացիների պարտադիր կուտակային կենսաթոշակային խնայողությունները պետական բյուջե փոխանցելու դեպքերով։
Թորոսյանը նշեց, որ հրապարակման մանրամասներին բավարար չափով ծանոթ չէ և անհրաժեշտ համարեց հարցը քննարկել համապատասխան գործընկերների հետ՝ պարզելու տեղի ունեցածը։
Հարցին անդրադարձավ նաև ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը։ Նա ուշադրություն հրավիրեց ժառանգներին ծանուցելու խնդրին՝ առաջարկելով փոփոխություն կատարել համապատասխան ընթացակարգում։
«Խնդիրն այն է, որ դատարաններում առանց իրավահաջորդների ծանուցման են քննարկում գործերը։ Այստեղ կարելի է փոփոխություն մտցնել և դա դարձնել պարտադիր։ Կարծում եմ՝ լուծումն այդ տիրույթում է»,– ասաց Բաղդասարյանը։
Խաչատրյանը համաձայնեց առաջարկին՝ շեշտելով, որ գումարները փոխանցելուց առաջ ժառանգները պետք է տեղեկացված լինեն։
«Ես լիովին համաձայն եմ։ Իրավահաջորդները պետք է ծանուցվեն, հետո նոր գումարը փոխանցվի։ Կարծում եմ՝ որևէ խելամիտ մարդ չի հրաժարվի ժառանգությունից»,-նշեց պատգամավորը։
«Հետք»-ը հոկտեմբերի 31-ին հրապարակել էր հետաքննություն՝ ներկայացնելով դեպքեր, երբ մահացած քաղաքացիների կուտակային կենսաթոշակային հաշիվների փայերն անժառանգ են ճանաչվել, իսկ միջոցները՝ փոխանցվել պետական բյուջե։ Հրապարակման առանցքային խնդիրներից մեկը հարազատների՝ հաշիվների առկայության և ժառանգման ընթացակարգի մասին անտեղյակությունն էր։
Ըստ հետաքննությունում ներկայացված՝ Ֆինանսների նախարարության տվյալների՝ վերջին հինգ տարիներին նման գործերով պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 90,8 միլիոն դրամ։ Նախարարությունը 2026 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ դատարան էր ներկայացրել կուտակային կենսաթոշակային հաշիվների փայերն անժառանգ ճանաչելու 128 հայց։