Տնտեսություն

ԿԽՄԿ-ն կարևոր ծրագրերով զգալիորեն օգնում է ՀՀ սահմանամերձ համայնքներին. նախաձեռնություններից մեկն իրականացվեց Խաչիկ համայնքում

4 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ն կարևոր ծրագրերով զգալիորեն օգնում է ՀՀ սահմանամերձ համայնքներին. նախաձեռնություններից մեկն իրականացվեց Խաչիկ համայնքում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Հայաստանում իրականացնում է տնտեսական և առողջապահական բազմաթիվ ծրագրեր, որոնք զգալիորեն օգնում են սահմանամերձ համայնքներին՝ նպաստելով  դրանց զարգացմանն ու բերեկեցության աճին։ Նմանատիպ նախաձեռնություններից մեկի շրջանակում Վայոց Ձորի Խաչիկ բնակավայրում ԿԽՄԿ-ի կողմից իրականացվեց ցորենի սերմացուի բաշխման գործընթաց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԽՄԿ-ի տնտեսական անվտանգության ծրագրերի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ցորենի սերմացուի բաշխումն իրականացվում է կենսապահովման ծրագրի շրջանակում։

«Մենք երկրորդ տարին անընդմեջ իրականացնում ենք սերմերի բաշխում, այս տարի կոնկրետ ցորենի սերմերի բաշխումն իրականացնում ենք յոթ համայնքներում՝ Գեղարքունիքի մարզի Կուլ, Ազատ, Նորաբակ և Ջաղացաձոր, Սյունքի մարզի Արավուզ, Ներքին Խնձորեսկ և Վայոց Ձորի Խաչիկ համայնքներում։ Խաչիկցիներին տրամադրել ենք 32 տոննա սերտիֆիկացված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու։ Բնակիչները կարող են դիմել նաև սուբսիդիա ստանալու համար։ Մշտապես փորձում ենք իրականացնել տեղական արտադրության ապրանքների իրացում, որպեսզի ակտիվացնենք մեր ներքին շուկան։ Ցորենի սերմերը ձեռք ենք բերել Շիրակի մարզից։ Սա «Բեզոստիա» տեսակի սերմն է, որն ընտրել ենք շահառուների ցանկությամբ՝ հաշվի առնելով նաև տվյալ տարածաշրջանի հողերի առանձնահատկությունն ու բնակլիմայական պայմանները։ Նախապես խորհրդակցել ենք գյուղատնտեսների հետ»,- ասաց Գրիգորյանը։

Նա հավելեց, որ ցորենի սերմերը հատկացվելու են 118 ընտանիքների։ Սերմերի որակը նախապես ստուգվել է սերմերի կայանում։ Լաբորատոր պայմաններում անցկացվել է ծլունակության թեսթ, հետևաբար բաշխումն իրականացվում է համապատասխան սերտիֆիկացիայի միջոցով։

«Տնտեսական անվտանգության մեր ծրագրերը մշտապես համաձայնեցնում ենք պետության առաջնահերթությունների հետ, որպեսզի ընդհանուր աշխատանքներն իրականացվեն համակարգված ձևով»,- նշեց Գրիգորյանը։

Խաչիկ գյուղում նախօրեին իսկական եռուզեռ էր։ Բազմաթիվ բնակիչներ խմբվել էին սերմացուի պարկերով բեռնված մեքենաների մոտ, ստանում էին իրենց հասանելիք մասնաբաժինն ու գոհ հեռանում՝ սերմացուն ցանելու և առատ բերք ստանալու ակնկալիքով։

Շահառուներից Խաչիկ համայնքի 70-ամյա բնակիչ Կառլեն Ասատրյանը նշեց, որ նման նախաձեռնությունները զգալիորեն թեթևացնում են իրենց առօրյա հոգսը և նպաստում բնակիչների բարեկեցության աճին։

«Մեկ հեկտարին հատկացվում է 300 կիլոգրամ սերմացու։ Մեր ընտանիքը ցանելու է մեկ հեկտար։ Նախաձեռնությունն այնքանով է լավ, որ մարդիկ տեղում կարող են ձեռք բերել սերմացուն և այլևս չեն անցնի հեռու տարածություններ, չեն գնի այլ տեղերից անհամեմատ թանկ գնով։ Մենք յուրաքանչյուր տարի ցանում ենք ցորեն, ավելցուկը վաճառում։ Ցանում ենք նաև գարի ու հաճար։ Սա մեր ապրուստի հիմնական միջոցներից է։ Եթե ոռոգման ջրի հարցը լուծվի, կաճեցնենք ավելի շատ բերք։ Մեր ցորենը միշտ պահանջված է, իրացման խնդիր չենք ունենում։ Գնորդները գալիս են մեր գյուղ ու տանում։ Մեր ամբողջ ընտանիքը ներգրավված է գյուղատնտեսական աշխատանքներում»,- նշեց Ասատրյանը։

Խաչիկ գյուղի բնակիչներն ակնկալում են աշնանացանից հետո որոշ ժամանակ անց հավաքել ցորենի առատ բերք, իսկ լավատեսության համար հիմք են հանդիսանում բարձորակ սերմացուն, մելիորացված հողերն ու սպասվող բնակլիմայական բարենպաստ պայմանները։    

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում