Սոցիալական հարցեր

Կառավարությունը զբաղվածության երեք ծրագրերը կմիավորի․ ուսուցման համար կտրամադրվեն մինչև 250 հազար դրամի վաուչերներ

7 րոպեի ընթերցում

Կառավարությունը զբաղվածության երեք ծրագրերը կմիավորի․ ուսուցման համար կտրամադրվեն մինչև 250 հազար դրամի վաուչերներ

Կառավարությունը հոկտեմբերի 22-ի նիստում հաստատեց զբաղվածության ապահովման նոր ծրագիրը, որով նախատեսվում է ֆինանսավորել շահառուների մասնագիտական ուսուցումը, աջակցել նրանց աշխատանքի ընդունող գործատուներին և լրացուցիչ գումարներ տրամադրել աշխատանքային հարաբերությունները պահպանող քաղաքացիներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ առաջարկվում է մեկտեղել անապահով ընտանիքների աշխատունակ անձանց, զորացրված զինծառայողների և Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածությանն ուղղված երեք ծրագրերը։

«Ներկայում մեր նախարարության կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնցից երեքը՝ անապահով ընտանիքների աշխատունակ անձանց, զորացրված զինծառայողների և Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության ծրագրերը, առաջարկում ենք միավորել մեկ ծրագրի մեջ, որպեսզի դրանով բարձրացնենք ծրագրի հասցեականությունը և արդյունավետությունը և ընդհանրապես հասկանալի դարձնենք մեր շահառուների համար, թե ինչպես կարող են դիմել և ինչ արդյունքների կարող ենք հասնել»,- նշեց նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ նոր ծրագիրը նախատեսում է աջակցության երեք հիմնական փուլ, որոնցից առաջինը մասնագիտական ուսուցման համար կրթական էլեկտրոնային վաուչերի տրամադրումն է։

«Շահառուներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ արժողությամբ մեկանգամյա վաուչեր՝ մասնագիտական ուսուցում անցնելու համար։ Վաուչերը հնարավոր կլինի օգտագործել տրամադրումից հետո վեց ամսվա ընթացքում՝ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր իրականացնող կազմակերպություններում, իսկ ուսուցման ավարտին շահառուն կստանա համապատասխան վկայական»,- ներկայացրեց Թորոսյանը։

Ծրագրին մասնակցելու համար քաղաքացին պետք է հաշվառված լինի e-work.am հարթակում և դիմի ծրագրում ընդգրկվելու համար։ Սահմանված չափանիշներին համապատասխանությունը կստուգվի պետական տեղեկատվական շտեմարանների տվյալների համադրմամբ, որից հետո շահառուի օգտահաշվում ինքնաշխատ եղանակով կձևավորվի վաուչերը։

Ուսուցման վարձավճարը կփոխանցվի դասընթացն իրականացնող կազմակերպությանը՝ ավարտական վկայականի տրամադրման վերաբերյալ տեղեկությունն ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում։ Փոխհատուցումը չի կարող գերազանցել վաուչերի արժեքը։

Աջակցության երկրորդ ուղղությունը վերաբերում է գործատուներին։ Վաուչերով ուսուցում անցած և վկայական ստացած անձին համապատասխան մասնագիտությամբ աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին կփոխհատուցվի նրա աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մի մասը։ Առաջին երեք ամիսների համար փոխհատուցումը կկազմի եկամտային հարկի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան ամսական 25 հազար դրամը, իսկ չորրորդից վեցերորդ ամիսների համար՝ 100 տոկոսը, բայց ոչ ավելի, քան ամսական 50 հազար դրամը։

Գործատուն շահառուի հետ պետք է կնքի առնվազն երեք ամսվա աշխատանքային պայմանագիր՝ մեկ դրույքով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Աջակցության այս բաղադրիչից չեն կարող օգտվել հանրային ծառայություն իրականացնող մարմինները և այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է առնվազն 50 տոկոս։

Ծրագրով ֆինանսական աջակցություն կստանա նաև աշխատանքի տեղավորված քաղաքացին։ Նույն գործատուի հետ աշխատանքային հարաբերությունները երեք ամիս շարունակվելու դեպքում շահառուին կտրամադրվի 100 հազար դրամ, իսկ 12 ամիս շարունակվելու դեպքում՝ ևս 200 հազար դրամ միանվագ աջակցություն։

Նախարարը կարևորեց դիմելու և աջակցության տրամադրման գործընթացները թվային հարթակով կազմակերպելը։

«Այս ամբողջ գործընթացներն անելու ենք թվային հարթակով՝ մեր e-work էլեկտրոնային թվային հարթակով, որպեսզի հասանելիությունը, թափանցիկությունը բարձրացնենք և նաև ավելորդ վարչական բեռ չգեներացնենք մեր համակարգի վրա»,- ասաց Թորոսյանը։

Ծրագրի շահառու կարող են դառնալ գործազուրկի կարգավիճակ ունեցող այն քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո չի անցել երկու տարի, ինչպես նաև 2020 և 2023 թվականներին Ղարաբաղից տեղահանված, Հայաստանում չզբաղված անձինք։ Այս երկու խմբերի համար սահմանված է նաև վերջին երեք ամիսներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ չունենալու պահանջ։

Շահառուների երրորդ խումբը սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձինք են, որոնց ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսից։ Ծրագրով սահմանված են նաև նախկին ծրագրերին մասնակցության և տվյալ գործատուի հետ նախկին աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ սահմանափակումներ։

Որոշման հիմնավորման համաձայն՝ գործող ծրագրերի միավորման պատճառներից մեկը դրանց նկատմամբ պահանջարկի նվազումն է։ Մասնավորապես, զորացրվածների և ռազմական գործողությունների մասնակիցների համար նախատեսված ծրագրում 2026 թվականին ծրագրված 500 անձի փոխարեն հոկտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է 129-ը, տեղահանվածների ծրագրում՝ նախատեսված 1000-ի փոխարեն՝ 306-ը։ Անապահով ընտանիքների աշխատունակ անձանց ծրագրում հուլիսի 1-ի դրությամբ ընդգրկվել է 64 անձ՝ նախատեսված 679-ի փոխարեն։

2027 թվականին նոր ծրագրով նախատեսվում է աջակցել 1500 շահառուի զբաղվածությանը։ Այդ տարվա համար անհրաժեշտ ֆինանսավորումը գնահատվել է 862,5 միլիոն դրամ, որը նախատեսվում է ապահովել միավորվող ծրագրերի համար նախատեսված միջոցներից։ Աշխատանքային հարաբերությունները 12 ամիս պահպանելու համար տրամադրվելիք 200 հազար դրամի վճարումները նախատեսվում են 2028 թվականի բյուջեով։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում