Սեպտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ Փաշինյան
3 րոպեի ընթերցում

Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը սեպտեմբերին օգոստոսի համեմատ ավելացել է շուրջ 15 հազարով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 39 հազար 751-ով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է արձանագրենք, որ սեպտեմբերին էլ ունենք հերթական ռեկորդը։ Նախորդ ամսվա համեմատ շուրջ 15 հազարով՝ այսինքն՝ օգոստոսի համեմատ սեպտեմբերին 15 հազարով աշխատատեղերն ավելացել են։ Իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 39 հազար 751-ով են ավելացել՝ շուրջ 4,9 տոկոսով»,- ասաց Փաշինյանը։
Նրա ներկայացրած տվյալներով՝ միջին աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավելացել է 28 հազար 418 դրամով կամ շուրջ 7 տոկոսով։ Իսկ 2017 թվականի սեպտեմբերի համեմատ գրանցված աշխատատեղերի թիվն աճել է 311 հազար 480-ով։
Վարչապետի գնահատմամբ՝ Հայաստանում տնտեսական ակտիվությունը տեսանելի է նաև առօրյա կյանքում։ Միաժամանակ նա ընդգծեց, որ տնտեսական դրական ցուցանիշներին զուգահեռ կան մարտահրավերներ։
Այդ համատեքստում Փաշինյանն անդրադարձավ ԵԱՏՄ շրջանակում հարաբերություններին՝ նշելով, որ առաջիկայում այդ ուղղությամբ աշխատանք կկատարվի։ Նրա խոսքով՝ Կառավարության ամբողջ քաղաքականությունը միտված է լինելու տնտեսական դինամիկան ապահովելուն և պետության ինքնիշխանությունը, անկախությունն ու պետականությունն ամրապնդելուն։ Վարչապետը շեշտեց այս խնդիրների փոխկապակցվածությունը։
Փաշինյանը կարևորեց նաև Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացման ընթացքը։
«Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ նաև մեր երկրի տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան է բավականին լավ տեղի ունենում։ Եվ այս պահին մեր ունեցած տվյալները հույս են ներշնչում, որ առաջիկայում դրանք էլ ավելի կամրապնդվեն և կխորանան։ Եվ մենք պետք է կենտրոնացած մնանք այս խնդրի վրա»,- նշեց վարչապետը։
Կառավարության ղեկավարը կարևորեց տնտեսական ակտիվությունը պահպանելու ուղղությամբ աշխատանքների շարունակությունը և քաղաքացիների ու տնտեսավարողների համար այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք հնարավորություն կտան աշխատել, արդյունք ստեղծել և վճարել օրենքով սահմանված հարկերը։
Անդրադառնալով նիստում հաստատված զբաղվածության ապահովման ծրագրին՝ վարչապետը Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի ուշադրությունը հրավիրեց հնարավոր շահառուների իրազեկման անհրաժեշտության վրա։ Նա կարևորեց, որ քաղաքացիները տեղեկանան ծրագրի գոյության մասին, ինչպես նաև տեսանելի լինեն ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված այն ուսուցման ծրագրերը, որոնցում վաուչերների միջոցով կարող են զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները։