ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է Ստրասբուրգ
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պատվիրակությունը 2026 թվականի նոյեմբերի 3-4-ը ճանաչողական այցով գտնվում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։
Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի շրջանակներում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ այցի նպատակն է խորացնել մասնագիտական գիտելիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի, այդ թվում՝ վճիռների հիման վրա վերաբացված գործերի քննության առանձնահատկությունների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի չափանիշների և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի կիրառման վերաբերյալ։
Երկօրյա այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Եվրոպայի խորհրդի մի շարք կառույցների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՄԻԵԴ վճիռների կատարման վարչության, ՄԻԵԴ քարտուղարության, Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի (CCPE), Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) և Եվրոպայի խորհրդի հանցավորության հիմնախնդիրների եվրոպական կոմիտեի (CDPC) ներկայացուցիչների հետ։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվելու ՄԻԵԴ վճիռների կատարման նկատմամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողության մեխանիզմներին, վճիռների հիման վրա գործերի վերաբացման ընթացակարգերին, ՄԻԵԴ դիմումների ընդունելիության չափանիշներին և գործերի քննության արդյունավետության բարձրացմանը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորված՝ կյանքի իրավունքի և խոշտանգումների ու անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի ապահովման, հարցերին։
Այցի շրջանակներում նախատեսված մասնագիտական քննարկումները և փորձի փոխանակումը միտված են դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանը, միջազգային չափանիշներին համապատասխան իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը և ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարման ուղղությամբ ներպետական ու միջազգային գործընկերների համագործակցության ամրապնդմանը։