Եվրոպա

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Դպրոցական երկշաբաթյա արձակուրդներից հետո՝ նոյեմբերի 2-ին, Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները, սակայն նախորդ շաբաթների համեմատ շատ ավելի փոքր մասշտաբով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Ըստ Ֆրանսիայի կրթության նախարարության տվյալների՝ Գրինվիչի ժամանակով (GMT) ժամը 08:30-ի դրությամբ շրջափակված է եղել մոտ 41 ավագ դպրոց, ինչը կազմում է դրանց ընդհանուր թվի մոտ 1 տոկոսը։

Մարսելում առավոտյան ավագ դպրոցներից մեկի մուտքի մոտ աղբամաններ էին տեղադրվել։

«Ինչ վերաբերում է շրջափակումներին, կամ ավելի շուտ՝ շրջափակման փորձերին, ապա այս երևույթը շատ չնչին է։ Խոսքն ընդամենը մի քանի հաստատության, մի քանի առանձին դպրոցի մասին է», - France Inter ռադիոկայանին ասել է կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։

Նա հավելել է, որ բողոքի ցույցերը թույլատրվում են, սակայն դպրոցներ մուտք գործելուն խոչընդոտելն անօրինական է։

Դպրոցական երկշաբաթյա արձակուրդներին նախորդող շաբաթների ընթացքում Ֆրանսիայի ավելի քան 3000 ավագ դպրոցներից մի քանի հարյուրը շրջափակվել էին։

Սեպտեմբերին Փարիզի արվարձաններում սկսված բողոքի ակցիաները տարածվել են ամբողջ Ֆրանսիայով՝ դուրս գալով կրթական ոլորտի սահմաններից և կենտրոնանալով կենսապայմանների գնի բարձրացման խնդրի վրա։ Ակցիաներում ներգրավվել են արհմիությունների անդամներն ու ակտիվիստները, իսկ որոշ դեպքերում դրանք վերածվել են բռնությունների և անկարգությունների։

Այսպես կոչված «Z սերնդի» բողոքի ալիքը տարածվել է եվրոպական երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում և Ալբանիայում. ցուցարարները բողոքում են, այդ թվում, կենսապահովման բարձր գնի, դպրոցների վատ վիճակի և ենթադրյալ կոռուպցիայի դեմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում