Եվրոպա

Եվրոպական մի շարք ընկերություններ հայտնել են սուպերմարկետների սառնարանների վրա նոր կիբերհարձակումների մասին

2 րոպեի ընթերցում

Եվրոպական մի շարք ընկերություններ հայտնել են սուպերմարկետների սառնարանների վրա նոր կիբերհարձակումների մասին

Գիշերվա ընթացքում տեղի ունեցած ՏՏ միջադեպի հետևանքով Բելգիայի և Լյուքսեմբուրգի տասնյակ խանութներում խափանվել են սառնարանների և սառցարանների աշխատանքները, հայտնել են Ahold Delhaize (միաձուլման արդյունքում նիդեռլանդական և բելգիական ընկերությունների անվանումը) և Colruyt ընկերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Շվեդական ICA և Coop մթերային ցանցերը նույնպես հայտնել են ջերմաստիճանի բարձրացումների մասին, ընդ որում՝ խանութներից մեկը պատճառը համարել է կիբերհարձակումը։  

Հոկտեմբերին Ahold-ը կիբերանվտանգության միջադեպի մասին հայտնել էր Նիդեռլանդների ոստիկանությանը՝ իր ենթակառուցվածքում կասկածելի ակտիվություն հայտնաբերելուց հետո։

Նոյեմբերի 2-ին Delhaize սուպերմարկետների ցանցը նկատել է սառեցման համակարգերում ջերմաստիճանի բարձրացում։ Ընկերությունը հետաքննում է միջադեպը։

Բելգիական Sabcobel սառնարանային ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Մոլանսը, որի ընկերությունը սպասարկում է Delhaize-ի սառեցման համակարգերը, Belga լրատվական գործակալությանը հայտնել է, որ միջադեպը կիբերհարձակման հետևանք է եղել։ Նրա խոսքով՝ սարքավորումների աշխատանքը փոխվել է հալեցման ռեժիմի։

Բելգիայում Spar խանութները շահագործող Colruyt Group-ի խոսնակը հայտնել է, որ հարձակման են ենթարկվել սառնարանային համակարգերը հինգ խանութներում։

Հոկտեմբերին Ֆրանսիայում տեղի ունեցած կիբերհարձակման հետևանքով, ոստիկանության տվյալներով, հաքերները վերահսկողություն էին հաստատել հարյուրավոր սուպերմարկետների սառեցման սարքավորումների նկատմամբ՝ բարձրացնելով ջերմաստիճանը մինչև 50 աստիճան Ցելսիուս՝ պատճառելով միլիոնավոր եվրոյի վնաս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում