Հայաստան

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

4 րոպեի ընթերցում

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Անապահովության նպաստը պետք է լինի ժամանակավոր աջակցություն՝ մինչև ընտանիքը կարողանա ոտքի կանգնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս դիրքորոշումը հայտնեց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարզաբանելով նպաստների համակարգում իրականացված փոփոխությունները։ Նախարարը հարցին անդրադարձավ Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում։

Քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հարց բարձրացրեց այն ընտանիքների վերաբերյալ, որոնք կենսաթոշակների բարձրացումից հետո զրկվել են նպաստից։ Նրա դիտարկմամբ՝ կան դեպքեր, երբ ընտանիքի կազմը, գույքային վիճակն ու մյուս պայմանները չեն փոխվել, սակայն քաղաքացիներին նպաստի դադարեցումը բացատրել են կենսաթոշակի ավելացմամբ։ Գևորգյանը բարձրացրեց նաև տեղերում գնահատման և քաղաքացիներին պատշաճ պարզաբանումներ տրամադրելու խնդիրը։

Թորոսյանը պատասխանեց, որ ընտանեկան և սոցիալական նպաստների նախկին համակարգը փոխարինվել է անապահովության նպաստի համակարգով, որի հիմքում այլ սկզբունքներ են։

Նախարարի խոսքով՝ նախկինում գնահատումը հիմնականում հիմնված էր ընտանիքի անդամների կարգավիճակի, այդ թվում՝ տարիքի, հաշմանդամության, երեխաների թվի վրա, որոնց համապատասխան նշանակվում էին միավորներ։ Նոր համակարգում գնահատվում է ընտանիքի կարիքը՝ հաշվի առնելով եկամուտները, գույքը և ընտանիքի կազմը։

Նա նշեց, որ համակարգը նախ փորձարկվել է Սյունիքի և Կոտայքի մարզերում՝ ի հայտ եկած խնդիրները բացահայտելու և լուծելու նպատակով։ Ընտանիքների վերագնահատումն էլ կատարվում է նախորդ գնահատումից մեկ տարի անց, հետևաբար՝ բոլոր ընտանիքների համար փոփոխությունները միաժամանակ չեն կիրառվում։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ընտանիքի կյանքում փոփոխություն չի եղել՝ նախարարը շեշտեց, որ փոխվել է գնահատման համակարգը։

Թորոսյանը ներկայացրեց նաև եկամուտների հաշվարկման մոտեցումը՝ նշելով, որ հաշվի են առնվում կենսաթոշակը, աշխատավարձը, հաշմանդամության նպաստն ու մյուս եկամուտները։ Գնահատման ընթացքում կիրառվում է պարենային զամբյուղի արժեքը, որը նախատեսվում է թարմացնել հաջորդ տարվա համար։

«Հենց հիմա պատրաստվում ենք թարմացնել՝ վերցնելով այս տարվա երրորդ եռամսյակի պարենային զամբյուղը, որպեսզի մյուս տարի դա կիրառվի։ Նաև շեմերն ենք բարձրացնում»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ նոր համակարգում նպաստների չափերը տարբեր են՝ կախված ընտանիքի գնահատված կարիքից։

«Նպաստները կարող են լինել տարբեր չափերի՝ սկսած 5 հազար դրամից մինչև 250 հազար դրամ»,– նշեց Թորոսյանը։

Նախարարը կարևորեց նաև աշխատունակ քաղաքացիների զբաղվածության ապահովումը՝ հիշատակելով հասարակական աշխատանքների, ուսուցման և զբաղվածության աջակցության ծրագրերը։ Նրա գնահատմամբ՝ սոցիալական քաղաքականությունը պետք է նպաստի ընտանիքների՝ աղքատությունից դուրս գալուն։

«Նպաստով բարեկեցություն չի կարող լինել։ Նպաստը ժամանակավոր պետք է լինի՝ մինչև ընտանիքը կարողանա ոտքի կանգնել։ Նախորդ համակարգը լրիվ հակառակի մասին էր՝ անվերջ աղքատության մեջ պահել մարդկանց, որպեսզի միշտ ինչ-որ այլ բանի ակնկալիք ունենան»,– ասաց Թորոսյանը։

Արձագանքելով տեղերում առաջացող խնդիրների վերաբերյալ դիտարկումներին՝ նա պարզաբանեց, որ գնահատման համար տվյալները ստացվում են էլեկտրոնային եղանակով՝ տարբեր մարմիններից և ծառայություններ մատուցող կազմակերպություններից։ Միաժամանակ նախարարը պատրաստակամություն հայտնեց քննարկելու կոնկրետ դեպքերը և համակարգային խնդիրներ հայտնաբերելու դեպքում փոփոխություններ կատարելու։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում