Իրավունք

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

2 րոպեի ընթերցում

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է փաստաբանի կողմից գողության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանը 2026 թվականի հոկտեմբերի 22-ին մասնակցելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով Երևան քաղաքի Քըրք Քըրքորյան 25 հասցեում գտնվող, նախկին «Չերրի» հյուրանոցային համալիրի վարչական շենքում կատարվող խուզարկությանը, օգտվելով քննչական գործողություն կատարող անձանց զբաղվածությունից, գաղտնի հափշտակել է իր վստահորդ՝ օտարերկրացի Ֆ.Չ.-ի պայուսակում գտնվող,  խոշոր չափերով՝ 820 հազար ՀՀ դրամը: Սակայն, փաստաբանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել, քանի որ տեղում խուզարկություն կատարող քննիչների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում հափշտակված 820 հազար ՀՀ դրամը հայտնաբերվել և վերցվել է:

Փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (խոշոր չափերով գողության փորձը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում