Կրթություն

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

3 րոպեի ընթերցում

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Պետական ռազմավարություններն ու ծրագրերը պետք է ուղեկցվեն ամենօրյա աշխատանքով և այն ստուգելու մեխանիզմներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նոյեմբերի 5-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆիզիկական արհեստական բանականության ծրագրի քննարկման ավարտին։

Նրա խոսքով՝ հակառակ դեպքում փոփոխությունների երկարաժամկետ բնույթը կարող է դառնալ ինքնահանգստացման պատճառ, իսկ տարիներ անց՝ պարզվի, որ առաջընթաց չի գրանցվել։

Արձագանքելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դիտարկմանը, որ կրթական ծրագրերի ընդլայնումը մեկ օրում չի իրականացվում՝ վարչապետը համաձայնել է, սակայն ընդգծել շարունակական աշխատանքի անհրաժեշտությունը։

«Իհարկե, շատ բան մեկ օրում չի լինում, պարզապես պետք է համոզված լինել, որ մենք ամեն օր ինչ-որ բան այդ ուղղությամբ անում ենք։ Որովհետև, եթե մենք ամեն օր այդ ուղղությամբ որևէ բան չանենք, դա ոչ միայն մեկ օրում չի լինի, դա մեկ տարում էլ չի լինի, մեկ տասնամյակում էլ չի լինի, մեկ հարյուրամյակում էլ չի լինի, մեկ հազարամյակում էլ չի լինի»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ կրթության մեջ արհեստական բանականության գործիքների կիրառման արդյունքները կարող են տեսանելի չլինել ամենշաբաթյա, ամենամսյա կամ նույնիսկ կիսամյակային կտրվածքով։ Սակայն դա չպետք է ստեղծի այն համոզումը, թե գործընթացն ինքնաբերաբար առաջ է շարժվում։

«Մեր մեծագույն թակարդն այն է, որ երկու տարվա վերջում մենք տեսնենք՝ էլի ոչ մի բան չենք տեսնում»,-նշել է նա։

Փաշինյանը նույն խնդիրը դիտարկել է նաև ջրային ոլորտի ռազմավարական աշխատանքների օրինակով՝ շեշտելով, որ մեծ փոփոխությունները կարճ ժամանակում չտեսնելը չպետք է թուլացնի աշխատանքի նկատմամբ պահանջկոտությունը։

«Ամեն օր պետք է մի բան արվի։ Հակառակ դեպքում մենք երեք տարվա վերջում տեսնելու ենք, որ ոչ մի բան, ի վերջո, տեղի չի ունեցել։ Սա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ առանց բացառության»,-ասել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ որոշումների իրականացման համար անհրաժեշտ են համակարգեր, որոնք կապահովեն ամենօրյա ջանքն ու սահմանված ծրագրով առաջ շարժվելու փաստը ստուգելու հնարավորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում