Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել
5 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որոշակի նշաններ է տեսնում, որ, միգուցե, Եվրամիությունում ընդլայնվելու հարցում ուժեղ քաղաքական կամք կա, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Եվրամիության ակնկալիքները կարող են հանդիպել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին խոսել է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն այս պահին ո՞ր կետում է ԵՄ-ին հնարավոր անդամակցության ճանապարհին։
«2025 թվականի մարտին մենք ընդունել ենք օրենք Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, և հիմա այդ օրենքն ուժի մեջ է Հայաստանում: Մեր առաջին մտադրությունն էր այլընտրանք ստեղծել Հայաստանի և Հայաստանի ժողովրդի համար, որովհետև ավանդաբար մեր հասարակության և, միգուցե, հարևանության ընկալումն այն է եղել, որ Հայաստանն այլընտրանք չունի։ Շատ բարդ և ոչ այնքան հարմարավետ իրավիճակ է, երբ ընդհանուր ընկալում կա, որ որևէ մեկի համար այլընտրանք չկա։ Այսպիսով` մեր առաջին նպատակն է ստեղծել այլընտրանք մեր երկրի և մեր ժողովրդի համար։
Բայց, գիտեք, մենք վերջերս որոշ լավ լուրեր ենք լսում ԵՄ-ում։ Դրանից առաջ երկմտանք կար, թե արդյոք Եվրամիությունը ցանկանո՞ւմ է ընդլայնվել, բայց հիմա մենք որոշակի նշաններ ենք տեսնում, որ, միգուցե, ԵՄ-ում ընդլայնվելու հարցում կա ուժեղ քաղաքական կամք, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Եվրամիության ակնկալիքները կարող են հանդիպել։ Սա է իմ գնահատականն առկա իրավիճակին»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նա հավելել է, որ դեպի Եվրամիություն գնալու որոշումն ունի ևս մեկ պատճառ։
«Եվրոպական ուղղությամբ մեր քաղաքականությունը շատ կարևոր է նաև այն պատճառով, որ մենք ցանկանում ենք պաշտպանել մեր ժողովրդավարությունը, խորացնել մեր ժողովրդավարական բարեփոխումները, մեր ժողովրդավարությունը դարձնել կայուն և ինստիտուցիոնալ»,- ասել է ՀՀ վարչապետը։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի անկախության ամբողջ շրջանում ԵՄ-ն եղել է Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացման հարցում։
«Եթե դու ժողովրդավարական երկիր ես, դու ցանկանում ես լինել ժողովրդավարական ակումբում, որովհետև կան շատ բաներ քննարկելու, իմանալու, որոշելու և կիսվելու»,- նշել է ՀՀ վարչապետը։
Հարցին, թե երբ է Հայաստանը պատրաստվում դիմել Եվրամիությանն անդամակցության համար, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Դա շատ լավ հարց է, և այսօր մենք եվրոպացի գործընկերների հետ քննարկում էինք այդ հարցը: Մենք նաև ներքին կարգով ենք քննարկել այդ հնարավորությունը։ Մեզ համար շատ կարևոր է ոչ թե պարզապես տեխնիկական քայլ անել՝ ասելով, որ մենք սեղմել ենք «ուղարկել» կոճակը և ուղարկել ենք դիմումը։ Շատ կարևոր է, որ այս ամբողջ գործընթացն ուղեկցվի այս կարևոր թեմայի շուրջ քաղաքական երկխոսությամբ։ Իհարկե, մենք շահագրգռված ենք այս քննարկումներով։ Անցած տարիների ընթացքում Եվրամիության հետ մեր համագործակցությունը խորանում է, դա շատ լավ է։ Եվ, անկեղծ կլինեմ, ես կասկած չունեմ, որ ժամանակը գալու է, և դա շատ հեռու չէ»:
Հարցին, թե ի՞նչ ժամկետներում կարող է Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնել, վարչապետը նշել է.
«Ես կարծում եմ, որ եկող տարին կարող է իրատեսական լինել, 2028 թվականն էլ կարող է իրատեսական լինել։ Բայց հիմա մենք կենտրոնացած ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության վրա։ Եվ մեր թիրախն է վիզաների ազատականացմանը հասնել 2029 թվականին։ Դա կլինի դա հերթական շատ կարևոր փուլը Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման համար։ Մենք կարող ենք ասել, որ հիմա մենք սկսել ենք մի գործընթաց, որը մեզ բերելու է վերջնական որոշման, որպեսզի դիմենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար։ Շատ կարևոր է, որ և Հայաստանի, և Եվրոպայի պաշտոնյաները համաձայն են մեկ շատ կարևոր բանում, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններն ամենաբարձր կետում են, որ մենք երբևէ ունեցել ենք»։