Քաղաքականություն

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

5 րոպեի ընթերցում

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը քայլ-քայլ Հայաստանի Հանրապետության սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրելու է ՀՀ սահմանապահ ծառայությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարևոր եմ համարում ընդգծել, որ մենք նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկեցինք կենսաչափական անձնագրերի համակարգը, որը շատ էական և մեծ բարեփոխում է։ Մենք այսօր ներդրել ենք կենսաչափական անձնագրերի ժամանակակից բոլոր պահանջներին և պայմաններին համապատասխանող համակարգ, և այս համակարգը շատ էական է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնելու ճանապարհին։ Իհարկե, այս խնդիրը լուծելու համար բավականին բարդ բարեփոխումների կարիք կա, որովհետև, եթե մենք ուզում ենք, որ վիզաներն ազատականացվեն, դա նշանակում է, որ առնվազն որոշ ուղղություններով մենք պետք է համապատասխանենք Եվրամիության ստանդարտներին։ Հենց այս խնդրի լուծման համատեքստում անհրաժեշտ համակարգերը պետք է բարեփոխվեն, և ես ուզում եմ ասել, որ մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու իմաստով։ Ի՞նչ է սա ենթադրում, սա ենթադրում է, մասնավորապես, սահմանապահ զորքերի կարգավիճակի որոշակի վերափոխում և այն, որ առնվազն միջնաժամկետում Հայաստանի Հանրապետության բոլոր պետական սահմանները պետք է վերահսկվեն Հայաստանի սահմանապահ համապատասխան ծառայության կողմից։

Մենք արդեն Կառավարության ծրագրում էլ այս թեմային անդրադարձ կատարել ենք, և մենք սահուն քայլերով գնալու ենք այս ճանապարհով։ Գիտեք, որ նախկինում մեր սահմանապահ ծառայությունը նույնիսկ Հայաստանի Հանրապետության ոչ բոլոր անցման կետերն է վերահսկել,, բայց արդեն մի քանի տարի Հայաստանի սահմանային բոլոր անցման կետերը վերահսկվում են բացառապես Հայաստանի սահմանապահ զորքերի կողմից, և մենք, իհարկե քայլ-քայլ, Հայաստանի Հանրապետության ամբողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք Հայաստանի Հանրապետության սահմանապահ ծառայությանը, որը նաև բարեփոխումների որոշակի ճանապարհ պետք է անցնի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։   

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը Ռուսաստանի Դաշնության սահմանապահների հետ միասին մասնակցում են նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։ 2024 թվականի օգոստոսից էլ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն են իրականացնում բացառապես ՀՀ սահմանապահները, իսկ մինչ այդ ծառայություն էին իրականացնում նաև ՌԴ սահմանապահները։ ՌԴ ԱԴԾ սահմանապահները Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի պահպանությունը հայկական կողմից իրականացնում են 1992 թվականից։  

Խոսելով կենսաչափական անձնագրերի մասին՝ Փաշինյանն ասել է, որ դրանց հետ կապված ամենատեսանելի և ամենաբարեհունչ նորություններից մեկն այն է, որ կենսաչափական անձնագիր ունեցողներն առաջիկայում ՀՀ սահմանը կարող են հատել էլեկտրոնային անցակետերի (e-gate համակարգ) միջոցով։ 

«Ի՞նչն է դրա առանձնահատկությունը, որ որևէ ծառայողի հետ չի լինում կոնտակտ։ Այդ համակարգն արդեն շատ երկրներում գործում է։ Առաջինը նման հնարավորություն կստեղծվի «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ հետո՝ Հայաստանի սահմանային բոլոր անցման կետերում՝ առանց բացառության։ Իհարկե, հետագայում մենք պիտի սկսենք բանակցություններ Հայաստանի քաղաքացիների համար նաև այլ երկրներում այս ծառայությունները հասանելի դարձնելու համար, որովհետև ամեն երկրի կարգավորումներ ունեն իրենց առանձնահատկությունները, և փոխադարձաբար այդ ծառայությունները հասանելի դարձնելու օրակարգ կա։ Ի՞նչն է առանձնահատկությունը, այն է, որ համեմատական բազային ինֆորմացիա պետք է լինի։ Երբ կենսաչափական անձնագիրը դրվում է, համակարգը պետք է ունենա համեմատելու ինչ-որ բան, թե արդյոք այն մարդը հենց այն մարդն է, ինչ անունով ներկայանում է։ Հայաստանի դեպքում, երբ քաղաքացին իր երկրում է դա անում, ոչ մի բարդություն չկա, որովհետև բոլոր համակարգերը փոխգործելի են, և երբ քաղաքացին մոտեցնում է իր անձնագիրը համակարգին, համակարգն արագ բնակչության պետական ռեգիստրից արդեն կենսաչափական համակարգով ստուգում է, թե ինչքանով է տվյալը համապատասխանում իրականությանը։ Օտար երկրներում նման ծառայություններից օգտվելու համար մենք պետք է երկրների հետ ինֆորմացիայի փոխանակման որոշակի համակարգ ունենանք, և դա արդեն երկկողմ պայմանավորվածությունների խնդիր է»,- ասել է ՀՀ վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում