Քաղաքականություն

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

3 րոպեի ընթերցում

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

ԹՐԻՓՓ չի լինելու Ադրբեջանում, այն լինելու է միայն Հայաստանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի քառօրյա նիստերն ամփոփող ճեպազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ԹՐԻՓՓ-ի իրագործման դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև մարդկանց և բեռների տեղաշարժի հայելային սկզբունք չի գործելու։

«ԹՐԻՓՓ-ը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագիր է։ ԹՐԻՓՓ չի լինելու Ադրբեջանում, այն լինելու է միայն Հայաստանում։ Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում, Թուրքիայում կամ աշխարհի որևէ այլ երկրում։ Մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետությունով անցնող ճանապարհի մասին, ինչի վերաբերյալ է ԹՐԻՓՓ համաձայնագիրը։ Մյուս կողմից մենք խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին։ Տևական ժամանակ է՝ Հայաստանից անխոչընդոտ բեռներ են տեղափոխվում Ադրբեջանի տարածքով, նույնը տեղի է ունենում հակառակ ուղղությամբ։ Մեր այն պնդումը, որ հայելային պետք է լինեն կարգավորումները, որևէ կերպ չեն չեղարկվել, բայց այդ ամենը կապ չունի ԹՐԻՓՓ-ի հետ։

ԹՐԻՓՓ նախագիծը պետք է տարբերակել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրից, որում ԱՄՆ-ն ունի վկայի կարգավիճակ։ Ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես արձանագրված է ստորագրված փաստաթղթերում»,-ասել է Արթուր Հովհաննիսյանը։

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի լիագումար նիստում 63 կողմ ձայնով վավերացվել էր Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական գործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Վավերացմանը կողմ էին քվեարկել միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն», որի բաժնեմասերի 26 տոկոսը պատկանելու է Հայաստանին, 74 տոկոսը՝ ամերիկյան կողմին։ Սկզբնական ժամկետը 49 տարի է։ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգելու դեպքում Հայաստանի բաժնեմասը կհասնի 49 տոկոսի, ամերիկյան կողմինը կլինի 51 տոկոս։

Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին՝ Վաշինգտոնում, և հունիսի 4-ին՝ Երևանում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ու Արարատ Միրզոյանի կողմից։

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում