ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը
3 րոպեի ընթերցում

Եվրամիությունը միջազգային գործընկերների հետ կաշխատի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ներդրումների ավելացման և մասնավոր ֆինանսավորման ներգրավման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COP17-ի Կապույտ գոտու մամուլի սրահում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց շրջակա միջավայրի, ջրային պաշարների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով եվրոպական հանձնակատար Ջեսիկա Ռոսվոլը։

Նրա խոսքով՝ բնությունը հիմնարար նշանակություն ունի պարենային անվտանգության, առողջության, տնտեսության և դիմակայունության համար, իսկ կենսաբազմազանությունը կյանքի հիմքն է։
«Մենք ունենք բնության պահպանությանն ուղղված գործողությունների գլոբալ շրջանակ և հավակնոտ նպատակներ՝ մինչև 2030 թվականը դադարեցնել և շրջադարձել կենսաբազմազանության կորուստը։ Այժմ մեր մարտահրավերը դրանց իրականացումն արագացնելն է։ Դրա համար մեզ անհրաժեշտ են առաջընթաց ապահովող որոշումներ»,- նշեց Ռոսվոլը, հավելելով, որ Եվրամիությունը միջազգային գործընկերների հետ կշարունակի աշխատել նորարարական մոտեցումների մշակման ուղղությամբ՝ խթանելով մասնավոր ներդրումների ներգրավումը և ապահովելով, որ դրանք հանգեցնեն կենսաբազմազանության պահպանության չափելի արդյունքների։ Նա կարևորեց կենսաբազմազանության ֆինանսավորման բացը կրճատելու համար լրացուցիչ միջոցների ներգրավումը։
Իռլանդիայի բնության, ժառանգության և կենսաբազմազանության հարցերով պետական նախարար Քրիստոֆեր Օ’Սալիվանն էլ նշեց, որ COP17-ը չպետք է սահմանափակվի միայն ծրագրերի մշակմամբ, այլ պետք է նպաստի դրանց իրականացմանը։

Նրա խոսքով՝ Իռլանդիան առաջին երկրներից էր, որը ներկայացրել է բնության վերականգնման ազգային ծրագիրը։
Անդրադառնալով Կալիի հիմնադրամին՝ նա նշել է, որ դրա ստեղծումը մեծ ոգևորություն էր առաջացրել, քանի որ հիմնադրամը կարող էր ֆինանսավորել կենսաբազմազանության և բնության պահպանության ծրագրերը։ Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, հիմնադրամը դեռևս չի գործում։
«Հույս ունեմ, որ առաջիկա ժամերին ընթացող քննարկումների արդյունքում հնարավոր կլինի համաձայնության հասնել նաև այս հարցի շուրջ»,-հավելեց նա։