Հարցազրույց

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

10 րոպեի ընթերցում

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Սուրինամի նավթի, գազի և շրջակա միջավայրի նախարար Պատրիկ Բրունինգսը կարծում է, որ բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն։ Նրա համոզմամբ՝ կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանությունը սերտորեն փոխկապակցված են և վերաբերում են անխտիր բոլոր պետություններին։  

Ստորև ներկայացնում ենք Պատրիկ Բրունինգսի ամբողջական հարցազրույցն «Արմենպրես»-ին և Հանրային հեռուստաընկերությանը։   

-Մեծարգո պարոն նախարար, ի՞նչ տպավորություններ ունեք COP17 համաժողովից, ի՞նչ կասեք միջոցառման կազմակերպչական աշխատանքների և ընթացքի վերաբերյալ։

-Նախ կցանկանայի ջերմորեն ողջունել և բարձր գնահատել Հայաստանի կողմից COP17-ի կազմակերպումը։ Իհարկե, Հայաստանի մասին իմ առաջին տպավորությունն այն է, որ գեղեցիկ երկիր է, շատ ջերմ և, կարծում եմ, շատ երջանիկ մարդկանցով։ Այս առումով նմանություն կա Սուրինամի հետ, որտեղ մենք նույնպես երջանիկ ենք և բարեհամբույր, ուստի ես ինձ այստեղ լիովին հարազատ միջավայրում եմ զգում։ Ինչ վերաբերում է կազմակերպչական աշխատանքներին, ապա պետք է ասեմ, որ դրանք արժանի են գովասանքի։ Սկսած լոգիստիկայից մինչև հանդիպումները, շենքը, անցկացման վայրը և բուն հանդիպումները՝ ամեն ինչ արված է շատ պրոֆեսիոնալ մակարդակով։ Շնորհավորում եմ կազմակերպիչներին համաժողովն այսքան հիանալի կերպով կազմակերպելու համար։ Կարճ ասած՝ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ իմ կարծիքը միանշանակ դրական է։

-Դուք մասնակցեցիք նաև շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը։ Ի՞նչ կարևոր հարցեր քննարկեցիք ձեր գործընկերների հետ։ 

-Մեր պատվիրակությունը համաձայն է բանակցությունների ընթացքում արտահայտված դիրքորոշումների և տարբեր հարցերի վերաբերյալ հնչեցված հայտարարությունների մեծ մասի հետ։ Մենք գոհ ենք այն դիրքորոշումներից և հայտարարություններից, որոնք ներկայացվել են բանակցությունների ժամանակ՝ կապված կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության, պլանավորման, մշտադիտարկման և հաշվետվությունների հետ։ Այս առումով՝ ամեն ինչ բավականին լավ ընթացավ։ Շատ մոտեցումներ համընկնում են նաև Սուրինամի դիրքորոշման հետ։ Իհարկե, մենք անդամակցում ենք տարբեր խմբերի, ինչպիսիք են GRULAG-ը և SIDS-ը, և համաձայն ենք ներկայացված հայտարարությունների մեծ մասի հետ, ուստի գոհ ենք ներկայիս իրավիճակից և մինչ այժմ արձանագրված արդյունքներից։

Իհարկե, կան որոշ կետեր, որոնց դեպքում կցանկանայինք ավելին տեսնել կամ ավելիին հասնել։ COP-ի էությունն էլ հենց այն է, որ կողմերը գնում են փոխզիջումների։ Արդյունքում ձևավորվում է մի հայտարարություն, որը բավարարում է բոլորին։ Մեզ համար, անշուշտ, չափազանց կարևոր է կենսաբազմազանությունը։ Մեր երկրի տարածքի ավելի քան 90 տոկոսը ծածկված է անտառներով, որոնք հարուստ կենսաբազմազանություն ունեն։ Սակայն կան բազմաթիվ սպառնալիքներ, ինչպիսիք են ոսկու արդյունահանումը և վայրի կենդանիների որսագողությունը։ Ուստի, սրանք շատ կարևոր հարցեր են, որոնք մենք քննարկեցինք։ Կարևոր հարց էր նաև ֆինանսավորումը, որը հուզում է բոլորին։ Ինչպե՞ս կարող ենք ստանալ մեր երկրի համար հասանելի ֆինանսական միջոցները՝ վայրի բնությունն ու կենսաբազմազանությունը պաշտպանելու նպատակով։ Սա այն հարցն է, որը նույնպես բարձրացվեց և քննարկվեց։

-Շրջակա միջավայրին առնչվող գլոբալ մարտահրավերները վերաբերում են բոլոր երկրներին։ Չե՞ք կարծում, որ պետությունները պետք է ավելի ակտիվացնեն ընդհանուր ջանքերն այդ մարտահրավերներին դիմակայելու նպատակով։ 

-Այո, մենք տեսնում ենք, որ ջանքերի համադրումը մեծ կարևորություն ունի։ Որպես երկիր՝ մենք չենք կարող դա անել միայնակ։ Հայաստանը նույնպես չի կարող դա անել միայնակ։ Այդ իսկ պատճառով պետք է միավորենք ուժերը և գիտակցենք, որ գտնվում ենք ճգնաժամային իրավիճակում։ Սակայն երբեմն այնպես է թվում, թե ճգնաժամ չկա. պետությունները շարունակում են իրենց բնականոն կենսագործունեությունը, իսկ մենք քննարկում ենք տարբեր հարցեր, որովհետև այս մոլորակի վրա բնակվող մարդկությունը սկսում է կորցնել իրավիճակի հրատապության զգացումը։ Մենք պետք է ավելի հաճախ նստենք միասին՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք միավորել ուժերը և լուծել շրջակա միջավայրին առնչվող խնդիրները։ Կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանությունը սերտորեն փոխկապակցված են։

Ուստի, մեզ անհրաժեշտ է ավելի արդյունավետ համագործակցություն։ Ես տեսնում եմ, որ կան առանձին վերցրած չափազանց շատ խնդիրներ։ Բոլորն, իհարկե, կենտրոնացած են իրենց խնդիրների վրա։ Բոլոր երկրներն ունեն իրենց ֆինանսական և տնտեսական մարտահրավերները։ Բայց ինչպե՞ս  կարող ենք միայն սեփական ռեսուրսներով լուծել մեծամասշտաբ խնդիրները։ Կա նաև վտանգ, որ որոշ խնդիրների անտեսումը կարող է նվազեցնել դրանց հանդեպ հրատապության զգացումը։

-Ձեր երկիրը խիստ խոցելի է հատկապես կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ։ Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրը։

-Սուրինամն ունի ցածր դիրք, ուստի, շատ խոցելի է ծովի մակարդակի բարձրացման պատճառով։ Սա կլիմայի փոփոխության այն հետևանքներից է, որը մեզ խիստ անհանգստացնում է։ Այս խնդրին դիմակայելու համար մենք, բարեբախտաբար, ունենք անտառներով հարուստ ափագիծ, ուստի մեծ ուշադրություն ենք դարձնում այդ էկոհամակարգերի պահպանմանը։ Ուսումնասիրում ենք, թե ինչպես կարող են անտառները կարևոր դեր խաղալ ծովի մակարդակի բարձրացման պայմաններում՝ օգնելով պաշտպանել առափնյա տարածքները։ Մյուս կողմից՝ կա գյուղատնտեսության խնդիրը։ Ինչպե՞ս կազդեն բարձր ջերմաստիճանները գյուղատնտեսության վրա։ Մենք կենտրոնացած ենք նաև այս հարցի վրա և իրականացնում ենք տարբեր տեսակի ուսումնասիրություններ։ Մասնավորապես, հետաքրքրում է այն հանգամանքը, թե արդյոք անհրաժե՞շտ է հարմարեցնել մշակաբույսերը կլիմայական փոփոխություններին։ Ինչպե՞ս կդիմանան ներկայիս մշակաբույսերը ջերմաստիճանի բարձրացմանը։ Եվ, իհարկե, չմոռանանք բուն անտառների մասին։

Մտահոգիչ է նաև այն, թե ի՞նչ հետևանքներ կլինեն, երբ ջերմաստիճանը բարձրանա մի քանի աստիճանով։ Արդյոք դա կազդի՞ մեր անտառների վրա։ Արդյոք անտառային հրդեհները կշատանա՞ն, ծառերը կոչնչանա՞ն։ Համոզված եմ, որ այդ ամենը կազդի ոչ միայն բուն Սուրինամի, այլև ամբողջ աշխարհի վրա, քանի որ մենք նպաստում ենք ջերմոցային գազերի հեռացմանը։ Սա, անշուշտ, հսկայական ներդրում է համաշխարհային մասշտաբով։ Իհարկե, խիստ մտահոգված ենք, որ կլիմայի փոփոխությունը կարող է ազդել անտառի, ինչպես նաև անտառային միջավայրում ապրող մարդկանց վրա։ Կենսաբազմազանության առումով ամեն ինչ փոխկապակցված է, հետևաբար կոչ ենք անում միջազգային հանրությանն օգնել մեզ պաշտպանելու այդ անտառային էկոհամակարգը։

Սուրինամում կան ոսկու արդյունահանման հետ կապված վտանգներ, ինչպես նաև անհրաժեշտություն՝ պաշտպանելու արևադարձային անտառները։ Դրա համար պահանջվում են համապատասխան գումարներ։ Խնդիրն այն է, թե ինչպես միջոցներ հայթայթել անտառները պաշտպանելու համար։ Մենք նաև դառնում ենք նավթ և գազ արդյունահանող երկիր, ուստի ստացված միջոցների մի մասը կուղղենք անտառների պաշտպանությանը։ Կարող է հակասական թվալ՝ մի կողմից ունենք անտառային հսկայական տարածքներ, մյուս կողմից զարգացնում ենք նավթի և գազի արդյունաբերությունը, սակայն մենք ցանկանում ենք այդ եկամուտներն օգտագործել հենց արևադարձային անտառները պաշտպանելու համար, որպեսզի, ի վերջո, կարողանանք նպաստել մթնոլորտից ածխածնի երկօքսիդի (CO2) հեռացմանը։

-Սուրինամը 2014 թվականից ի վեր՝ ունի ածխածնային բացասական հաշվեկշռով տնտեսություն։ Ինչպե՞ս եք դիմակայելու այս մարտահրավերին։

-Խոսքն, անշուշտ, նավթի և գազի արդյունահանման մասին է։ Այո, մենք նախատեսում ենք զարգացնել նավթագազային ոլորտը, սակայն մեր նպատակն է այդ միջոցներն օգտագործել շրջակա միջավայրը պաշտպանելու համար։ Նախատեսում ենք արդյունահանում իրականացնել, ասենք, 20-30 տարի։ Ստացված եկամուտների զգալի մասը կուղղենք արևադարձային անտառների երկարաժամկետ պահպանությանը։ Ահա թե որն է գաղափարը։ Սա կարող է առաջին հայացքից պարադոքսալ թվալ, քանի որ միջազգային կազմակերպություններից ֆինանսավորում ստանալու հարցում բազմաթիվ դժվարությունների ենք բախվում։ Եթե միջազգային ֆինանսավորումը հասանելի դառնա, մեր կախվածությունը նավթից և գազից կնվազի։ Իսկ մի հանգրվանում կարող ենք նույնիսկ որոշել, որ այլևս կարիք չունենք նավթ ու գազ արդյունահանելու։ Այդուհանդերձ, այս փուլում չենք կարող սպասել, մինչև միջազգային հանրությունը մեզ գումար տրամադրի, քանի որ դա երկար ժամանակ է պահանջում։ Սա է, որոշ չափով, մեր ներկայիս դիրքորոշումը։

-Քանի որ գտնվում եք Հայաստանում, արդյոք հասցրել ե՞ք տեսնել մայրաքաղաք Երևանի տեսարժան վայրերը։

-Այո, շատ կարճ ժամանակ, քանի որ կիրակի օրն եմ ժամանել։ Բայց անմիջապես գնացի Կասկադ։ Այնտեղ շատ հաճելի էր։ Իսկ այս երեկո, եթե հնարավորություն ունենամ, կշրջեմ Երևանում, քանի որ սիրում եմ մշակույթը։ Տեսնում եմ, որ Հայաստանն իսկապես ունի հարուստ մշակույթ, որի արմատները շատ հին են։ Հայերն ունեն սեփական այբուբեն, սեփական գիր, բազմաթիվ մշակութային պատմություններ։ Գուցե, նորից այցելեմ Հայաստան, քանի որ կարծում եմ՝ սա հրաշալի երկիր է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում