Քաղաքականություն

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

2 րոպեի ընթերցում

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Հայաստանի նպատակների մեջ չի մտնում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, կամ վատթարացումը. ընդհակառակը՝ պետք է դրանք ավելի զարգացնել։ Ինչպես տեղեկանում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Radio France International-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը փորձում է նվազեցնել Ռուսաստանից տնտեսական կախվածությունը։  Վարչապետը նաև հավելել է՝ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող լինել նախկինի նման, քանի որ այն ժամանակ Ադրբեջանի հետ կար կոնֆլիկտ, իսկ այժմ առկա է խաղաղություն։

«Մենք ուզում ենք մեր անկախությունն ուժեղացնել, ամրապնդել և զարգացնել։ Դա է պատճառը, որ մենք որդեգրել ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Մենք ցանկանում ենք, որ մեր տնտեսվարողներն արտահանման և ներմուծման առումով ունենան այլընտրանքներ։ Օրինակ՝ նախկինում Հայաստան բենզինի և նավթամթերքի ներմուծման շուկան շատ կենտրոնացած էր։ Արտաքին միջավայրի փոփոխության հետևանքով մեծ խնդիրների առաջ էինք կանգնում։ Վերջին տարիներին Հայաստան նավթամթերք են ներկրում ոչ թե մի քանի, այլ տասնյակ ընկերություններ։ Այս իրավիճակը մեզ թույլ է տվել, որպեսզի համաշխարհային շուկայում առկա նավթամթերքի հետ կապված ճգնաժամերն ավելի սուր չտանենք, քան դա տանում են մյուս երկրները։ Օրինակ՝ Ռուսաստանում Ուկրաինայի գործողությունների հետևանքով նավթամթերքի հետ կապված խնդիրներ առաջացան, մեր ներքին քաղաքականության շնորհիվ Հայաստանն այդ խնդիրները չզգաց»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանում անցկացվելու է հանրաքվե՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով, Փաշինյանը պատասխանել է, որ նման քայլի գնալու համար Հայաստանը պետք է առնվազն Եվրոպական Միությանն անդամակցելու հայտ ներկայացրած լինի։ Վարչապետը նաև հավելել է, որ այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ Եվրոպական Միության անդամ։ Նրա խոսքով՝ շատ բարեփոխումներ պետք է իրականացվեն, որպեսզի Հայաստանը համապատասխանի Եվրոպական Միության չափանիշներին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում