«Արմենպրես»-ն ու «Միր»-ը խորացնում են տեղեկատվական համագործակցությունը․ ստորագրվել է հուշագիր
9 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության և «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ նոր հնարավորություններ բացելով տեղեկատվության, բովանդակության ու մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրել են գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը և «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության նախագահ Ռադիկ Բատիրշինը։ Ստորագրված փաստաթուղթը գործակալությանը փոխանցել է «Միր»-ի նախագահի տեղակալ Վլադիմիր Կազարեզովը։
Նարինե Նազարյանը կարևորել է երկու լրատվամիջոցների միջև ձևավորված կապերը՝ ընդգծելով համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։
«Շատ ուրախ եմ, որ այսօր ևս մեկ քայլ ենք կատարում մեր լրատվամիջոցների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ։ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայկական ծառայության մեր գործընկերների հետ վաղուց ի վեր մշտական կապի մեջ ենք։ Մեզ միավորում են ամենօրյա մասնագիտական շփումները, փոխադարձ աջակցությունն ու համագործակցությունը»,– ասել է Նազարյանը։

Նրա խոսքով՝ հուշագիրը հնարավորություն կտա համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի և ընդլայնել համատեղ աշխատանքի ուղղությունները։
«Կարծում եմ՝ այսօրվա հուշագիրը կարևոր է նրանով, որ թույլ կտա մեր համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի, բացել համատեղ նախագծերի իրականացման լրացուցիչ հնարավորություններ։ Մեզ համար սա պարզապես գործընկերային հարաբերությունների պաշտոնական ամրագրում չէ։ Սա տեղեկատվության, լրագրողական փորձի և բովանդակության փոխանակումն ընդլայնելու, իսկ ամենակարևորը՝ միջազգային տեղեկատվական տարածքում մեր երկրներն ու դրանց կյանքն առավել լայնորեն ներկայացնելու հնարավորություն է»,– նշել է գործակալության տնօրենը։
Նազարյանն անդրադարձել է նաև տեխնոլոգիական փոփոխությունների պայմաններում լրագրության առջև ծառացած մարտահրավերներին՝ կարևորելով մասնագիտական հիմնարար արժեքների պահպանումը։
«Այսօր բոլորս էլ գիտակցում ենք, թե որքան արագ է փոխվում մեդիա միջավայրը։ Արհեստական բանականությունը, թվային հարթակները, տեղեկատվության սպառման նոր ձևաչափերը փոխում են մեր ամենօրյա աշխատանքը։ Սակայն կան արժեքներ, որոնք մնում են անփոփոխ՝ լսարանի վստահությունը, տեղեկատվության հավաստիությունը և մասնագիտական պատասխանատվությունը»,– ընդգծել է նա։
Գործակալության տնօրենի գնահատմամբ՝ տեղեկատվական մեծ հոսքերի և ապատեղեկատվության տարածման պայմաններում լրատվամիջոցների համագործակցությունը կարևոր է նաև որակյալ լրագրության զարգացման համար։
«Տեղեկատվական ահռելի հոսքի և ապատեղեկատվության տարածման պայմաններում որակյալ լրագրության նշանակությունն առավել է մեծանում։ Հենց այդ պատճառով էլ այսօր հատկապես կարևոր եմ համարում պրոֆեսիոնալ լրատվամիջոցների միջև համագործակցությունը։ Մենք կարող ենք փոխանակվել ոչ միայն նորություններով ու լրատվական նյութերով, այլև փորձով, գաղափարներով, լսարանի հետ աշխատանքի մոտեցումներով։ Կարող ենք միասին հետաքրքիր թեմաներ գտնել և նոր ձևաչափեր մշակել»,– ասել է Նազարյանը։
«Միր» միջպետական հեռուստառադիոընկերության նախագահի տեղակալ Վլադիմիր Կազարեզովն իր հերթին բարձր է գնահատել «Արմենպրես»-ի դերն ու գործակալության հետ երկարամյա համագործակցությունը։
«Ուրախ եմ ձեզ բոլորիդ տեսնել։ «Միր» հեռուստառադիոընկերությունը, մեր ազգային մասնաճյուղը Հայաստանում վաղուց համագործակցում են ձեր գործակալության հետ։ «Արմենպրես»-ը, անշուշտ, Հայաստանի ամենահեղինակավոր և ամենահին լրատվամիջոցներից է։ Ձեր պատմությունը սկսվում է 1918 թվականից, իսկ մերը՝ ընդամենը 1992 թվականից։ Բայց մենք սովորում ենք մեր ավելի փորձառու գործընկերներից, աշխատում ենք և, իհարկե, ցանկանում ենք համագործակցել»,– նշել է Կազարեզովը։

Նա համակարծիք է Նարինե Նազարյանի հետ՝ ավանդական և հեղինակավոր լրատվամիջոցների միջև կապերի ամրապնդման անհրաժեշտության հարցում։
«Նարինե Նազարյանը շատ ճիշտ ասաց, որ դասական, հեղինակավոր լրատվամիջոցների, հեռուստառադիոընկերությունների և լրատվական գործակալությունների միջև համագործակցությունը շատ կարևոր է։ Խոսքն այն լրատվամիջոցների մասին է, որոնք տասնամյակներ շարունակ իրենց նյութերով և մեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունների ներկայացմամբ ապացուցում են իրենց հավաստիությունն ու անաչառությունը»,– ասել է նա։
Կազարեզովը լրատվամիջոցների առջև ծառացած առանցքային խնդիրների թվում առանձնացրել է թվային վերափոխումն ու արհեստական բանականության գործիքների կիրառումը՝ միաժամանակ կարևորելով լսարանի համար բովանդակության ստեղծման եղանակը հասկանալի դարձնելը։
«Մեր առջև կանգնած հարցերից են մեր լրատվամիջոցներում ընթացող թվային վերափոխումը, բնականաբար նաև արհեստական բանականությունն ու դրա հետ աշխատելու կարողությունը։ Միաժամանակ պետք է կարողանանք մեր հեռուստադիտողներին, ռադիոլսողներին, ընթերցողներին, մեր արտադրանքի սպառողներին ցույց տալ, թե ինչն է ստեղծվել մարդու կողմից, իսկ ինչը՝ արհեստական բանականության կիրառմամբ։ Մարդու ստեղծածը միշտ ավելի վառ է։ Մենք միշտ տարբերում ենք կենդանին արհեստականից։ Բայց, իհարկե, պետք է պատրաստ լինենք ընթացող տեխնոլոգիական փոփոխություններին, մտածենք մեր տեխնոլոգիաների, ինչպես նաև նոր սերնդի մասին»,– նշել է «Միր»-ի նախագահի տեղակալը։
Նրա խոսքով՝ արդեն ձևավորված լսարանի հետ աշխատանքին զուգահեռ անհրաժեշտ է զարգացնել երիտասարդներին հասանելի և նրանց նախընտրություններին համապատասխան ձևաչափեր։
«Մենք, իհարկե, աշխատում ենք մեր հեռուստադիտողների, ռադիոլսողների և բաժանորդների հետ, որոնց հետ վաղուց ենք աշխատում, բայց պետք է մտածել նաև երիտասարդների մասին։ Պետք է մտածել ուղղահայաց տեսանյութերի զարգացման մասին, իսկ ուղղահայաց տեսանյութը որոշ չափով տարբերվում է դասական հեռուստատեսությունից։ Գիտենք, որ երիտասարդների, աճող սերնդի շրջանում այն մեծ պահանջարկ ունի։ Այստեղ անհրաժեշտ է իր արտադրանքը, երիտասարդ հեռուստադիտողի համար նախատեսված ձևաչափերի իր շարքը»,– ասել է Կազարեզովը։
Նա ընդգծել է, որ «Միր» հեռուստառադիոընկերության հիմնարար փաստաթղթերում ամրագրված խնդիրներից է ԱՊՀ միասնական տեղեկատվական տարածքի պահպանումն ու զարգացումը։
Անդրադառնալով միջազգային գործընկերային կապերին՝ Կազարեզովը նշել է, որ ընկերությունն աշխատում է բազմաթիվ լրատվական գործակալությունների հետ։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է նաև երկու լրատվամիջոցների միջազգային գործընկերների շրջանակի ընդհանրությունը։
«Մենք աշխատում ենք բազմաթիվ գործակալությունների հետ՝ ՏԱՍՍ-ի, ԲԵԼՏԱ-ի, «Խաբար»-ի, «Սինխուա»-ի և այլոց։ Մասնակցում ենք բոլոր այն մեդիա հարթակների աշխատանքին, որտեղ մեզ հրավիրում են։ Կարծում եմ՝ մեր համագործակցությունը կզարգանա, կլինի բազմակողմանի, և մենք պատրաստ ենք մասնակցել ու աշխատել ձեզ հետ միասին»,– ընդգծել է նա։
Վերջում Կազարեզովը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ինչպես նաև «Միր»-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանին՝ համագործակցության նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար։
«Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը 2027 թվականի հոկտեմբերի 9-ին կնշի հիմնադրման 35-ամյակը։ Ընկերությունը ստեղծվել է 1992 թվականին՝ ԱՊՀ երկրների քաղաքական, տնտեսական և մարդասիրական համագործակցությունը լուսաբանելու, միասնական տեղեկատվական տարածք ձևավորելու և միջազգային տեղեկատվական փոխանակմանը նպաստելու նպատակով։ Հիմնադիր պետությունների թվում է նաև Հայաստանը։
Ընկերության կազմում ընդգրկված են «Միր» և շուրջօրյա տեղեկատվական «Միր 24» հեռուստաալիքները, «Միր» ռադիոն, MIR24.TV բազմամեդիա տեղեկատվական պորտալը և «Միր-Տելեպորտ» բազմաֆունկցիոնալ արբանյակային համակարգը։