Հայաստան

Կառավարությունը 141.6 մլն դրամ կհատկացնի գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը 141.6 մլն դրամ կհատկացնի գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանը

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է շուրջ 141․6 մլն դրամ հատկացնել մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացման և ժամանակակից գիտական սարքավորման ձեռքբերման նպատակով։

«Մասնավորապես,2026 թ․ բյուջեի վերաբաշխման արդյունքում 42,8 մլն դրամ կհատկացվի ՀՀ ԳԱԱ նախագահության վարչական շենքի հարակից՝ «Հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող շուրջ 700 քմ ընդհանուր մակերեսով շինության հիմնանորոգմանը։ Մարշալ Բաղրամյան 24/6 հասցեում գտնվող այս շինությունում ՀՀ անկախացումից ի վեր հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։

Հիմնանորոգումից և բարեկարգումից հետո տարածքը կվերածվի բազմաֆունկցիոնալ գիտական և հանրային կենտրոնի, որտեղ կանցկացվեն միջազգային և հանրապետական գիտաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, երիտասարդ գիտնականների համաժողովներ, համահայաստանյան դպրոցական և ուսանողական գիտական փառատոներ, գիտության հանրայնացման միջոցառումներ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ըստ նույն որոշման, 98,7 մլն դրամ կհատկացվի «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համար գենետիկական անալիզատորի ձեռքբերմանը՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինման և համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման ծրագրի շրջանակում։

Նոր սարքավորումը կնպաստի ինստիտուտի հետազոտական կարողությունների զարգացմանը և ժամանակակից գիտական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների բարելավմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում