Հայաստան

Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը մշակույթի ոլորտում․ քննարկվել են «Արտնեքսուս» ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը մշակույթի ոլորտում․ քննարկվել են «Արտնեքսուս» ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Շվեդիայի արվեստի դրամաշնորհների հանձնաժողովի գլխավոր տնօրեն Միկա Ռոմանուսին, «Արտնեքսուս» ծրագրի միջազգային զարգացման գծով ավագ խորհրդականներ Նադյա Ալինին և Յուլիա Բենգտսոնին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեդիայի միջև մշակութային համագործակցությունն՝ ընդգծելով «Արտնեքսուս» ծրագրի նշանակությունը Հայաստանի մշակութային ոլորտի զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում:

««Արտնեքսուս» ծրագիրը մշակույթի ոլորտում էական փոփոխությունների և զարգացման նոր հնարավորությունների խթան է: Համոզված եմ՝ համագործակցության շարունակությունն ու ամրապնդումը բխում են ոլորտի, ստեղծագործական համայնքի և հանրության շահերից»,- նշել է նախարարը՝ կարևորելով հատկապես ինքնազբաղ արվեստագետների իրավունքների պաշտպանությունը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մասնագիտական փորձի փոխանակման գործընկերային հարթակի (peer-to-peer) ստեղծումը, որը հնարավորություն կտա կիրառելու շվեդական փորձը՝ նպաստելով մշակութային հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շվեդիայի արվեստի դրամաշնորհների հանձնաժողովի գլխավոր տնօրեն Միկա Ռոմանուսը գոհունակությամբ արձանագրել է «Արտնեքսուս» ծրագրի շրջանակում համագործակցության շոշափելի արդյունքները:

Նա հատկապես ընդգծել է մշակույթի ապակենտրոնացման կարևորությունը՝ շեշտելով մարզերում արվեստագետների մասնագիտական հնարավորությունների ընդլայնման և հանրության համար մշակութային կյանքի հասանելիության ապահովման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաև «Արտնեքսուս» ծրագրի ընթացքին և հետագա անելիքներին: Կողմերը կարևորել են ստեղծարար արդյունաբերությունների զարգացումը, տեխնոլոգիական փոփոխություններին համահունչ նոր մոտեցումների կիրառումը:

Շվեդիայի արվեստի դրամաշնորհների հանձնաժողովի կողմից՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ֆինանսավորմամբ իրականացվող «Արտնեքսուս» ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2021–2024 թվականներին։ Ընթացիկ երկրորդ փուլը 2025–2028 թվականների համար է նախատեսված:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն, թափանցիկ և ներառական մշակութային միջավայրի ձևավորմանը, արվեստագետների իրավունքների և մասնագիտական հնարավորությունների ընդլայնմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում