Հայաստան

Հայաստանը ինը պետության հետ ունի գաղտնի տեղեկությունների պաշտպանության համաձայնագրեր

3 րոպեի ընթերցում

Հայաստանը ինը պետության հետ ունի գաղտնի տեղեկությունների պաշտպանության համաձայնագրեր

Հայաստանը ինը պետության հետ ունի գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության համաձայնագրեր, իսկ մի շարք այլ պետությունների հետ նման փաստաթղթերի կնքման աշխատանքները շարունակվում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցերին՝ Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ընթացքում։

Աղաջանյանը հետաքրքրվել է, թե ինչ սկզբունքով են ընտրվում նման համաձայնագրեր կնքող պետությունները, և արդյոք Ղազախստանի հետ համագործակցությունը պայմանավորված է ԵԱՏՄ-ին կամ ԱՊՀ-ին անդամակցությամբ։

«Հայաստանի Հանրապետությունը մասնավորապես ինը պետության հետ ունի արդեն գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության, պահպանության մասին համաձայնագիր։ Մի շարք պետությունների հետ էլ հիմա գործընթաց է իրականացվում, և պատրաստվում ենք դա անել»,- ասել է Մկրտչյանը։

Նա պարզաբանել է, որ Ղազախստանի հետ տեղեկությունների փոխանակումն իրականացվելու է բացառապես երկկողմ ձևաչափով։ Այլ կառույցներում Հայաստանի անդամակցությունը, նրա խոսքով, չի խանգարում այդ համագործակցությանը։

Անդրադառնալով համաձայնագրերի կնքման նախաձեռնությանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալը նշել է, որ այն կարող է լինել երկուստեք՝ հարաբերությունների զարգացման և առաջացող անհրաժեշտության հիման վրա։

«Սա գործընթաց է, որը երկու պետություններն ըստ անհրաժեշտության իրականացնում են։ Հիմա Ղազախստանի հետ հարաբերությունները զարգանում են, և անհրաժեշտություն է առաջանում գաղտնի տեղեկատվության փոխանակման, ու մենք գնում ենք այս ճանապարհով»,- նշել է նա։

Աղաջանյանը բարձրացրել է նաև ստացված տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելը կանխելու և հնարավոր խախտումները բացահայտելու մեխանիզմների հարցը։

Պատասխանելով՝ Մկրտչյանը վկայակոչել է համաձայնագրով նախատեսված դրույթները։

«Համաձայնագրում հստակ ամրագրված են այդ դրույթները, և այստեղ մենք գրեթե բացառում ենք փոխանցումը երրորդ կողմին, որովհետև վստահ ենք, որ դրա մասին վաղ թե ուշ կիմանանք։ Եվ կան համաձայնագրում ամրագրված դրույթներ, որոնք հնարավորություն կտան դա բացահայտել»,- ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում