Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ն արձագանքել է հանրաքվեի վերաբերյալ վարչապետի առաջարկին և հայտնել արտահերթ ընտրությունների գնալու պատրաստակամության մասին

4 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան»-ն արձագանքել է հանրաքվեի վերաբերյալ վարչապետի առաջարկին և հայտնել արտահերթ ընտրությունների գնալու պատրաստակամության մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը արձագանքել է նոր Սահմանադրության հանրաքվեին աջակցելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։ Տիգրան Աբրահամյանը կրկնել է ընդդիմության դիրքորոշումը, թե «Հայաստանում չպետք է Սահմանադրություն փոխվի Ադրբեջանի պահանջով»։ Նա միաժամանակ հայտնել է, որ իրենց քաղաքական ուժը պատրաստ է ցանկացած ժամանակ մասնակցել արտահերթ ընտրությունների։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նոյեմբերի 19-ի նիստում ընդդիմությանն առաջարկել էր գնալ նոր Սահմանադրության հանրաքվեի՝ հայտարարելով, որ ժողովրդի կողմից մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի լինի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աբրահամյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ վարչապետի առաջարկի շուրջ իրենց խմբակցությունում քննարկումներ եղել են։  

«Քննարկումներ եղել են մինչ այս, և մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանում Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չպետք է փոխվի»,- ասել է նա։

Հարցին՝ արդյոք վարչապետի առաջարկը չընդունելով՝ ընդդիմությունը բաց չի թողնում նրան իշխանությունից հեռացնելու հնարավորությունը, Աբրահամյանը պատասխանել է, որ հետևողական են իրենց ներկայացրած ճանապարհային քարտեզին։ Նրա ներկայացմամբ՝ այն ներառում է ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ փողոցային պայքար։

«Ասել ենք, որ լինելու է փողոցային պայքար՝ մեկ անգամ և հաղթական»,- հայտարարել է նա՝ գործողությունների մեկնարկի ժամկետ չնշելով։

Անդրադառնալով հնարավոր արտահերթ ընտրություններին՝ Աբրահամյանը չի համաձայնել այն գնահատականին, որ դրանք կարող են ամրապնդել գործող իշխանության դիրքերը։

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների ցանկացած ժամանակ, և վստահ ենք, որ նոր ընտրության պարագայում ընդդիմությունն էլ ավելի կամրապնդի իր դիրքերը»,- նշել է նա։

Հայաստանի կառավարությունն առաջիկա օրերին կհրապարակի ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը։ Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում բավարար ձայներ չունի, իսկ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ չեն աջակցելու այդ գործընթացին՝ պնդելով, թե «Հայաստանի Սահմանադրության փոփոխության օրակարգը պարտադրված է Ադրբեջանի կողմից»։ Իսկ ընդդիմադիրների այս պնդման համար հիմք են Ադրբեջանից հնչող հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը չի ստորագրի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունը և դրա նախաբանից չի հեռացրել հղումը Անկախության հռչակագրին, որում խոսք է գնում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Ադրբեջանը պնդում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում անելով՝ տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին։ Թեև հայկական կողմը բազմիցս հերքել է Ադրբեջանի այս պնդումները, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանն էլ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա, Ադրբեջանը շարունակում է պնդել իր դիրքորոշումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ ՀՀ նոր Սահմանադրության նախագծում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, սակայն հերքել է պնդումները, թե սահմանադրական փոփոխությունները Հայաստանին պարտադրում է Ադրբեջանը։ Փաշինյանը հավաստիացրել է, որ նոր Սահմանադրության ընդունումը բացառապես Հայաստանի ներքին հարցն է, իսկ Ադրբեջանը չի կարող պահանջել, որպեսզի Հայաստանը Սահմանադրություն փոխի։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը բանակցությունների ժամանակ հայկական կողմին տեղյակ է պահել, որ չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը, եթե Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունը չարվի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում