ՔՊ-ն սպասում է «Ուժեղ Հայաստան»-ի արձագանքին նոր Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի առաջարկին
3 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը կոչ է արել ներկայացնել նոր Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի պատասխանը՝ ընդգծելով, որ ամենամեծ ընդդիմադիր ուժը պետք է դիրքորոշում հայտնի երկրի քաղաքական օրակարգի հիմնական հարցի շուրջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նոյեմբերի 19-ի նիստում ընդդիմությանն առաջարկել էր գնալ նոր Սահմանադրության հանրաքվեի՝ հայտարարելով, որ ժողովրդի կողմից մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի լինի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խանդանյանը թեմային անդրադարձել Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում։
Պատգամավորը քննադատել է ընդդիմադիր խմբակցության ելույթները՝ պնդելով, որ դրանք հեռացել են խորհրդարանում և հանրության շրջանում քննարկվող հիմնական քաղաքական թեմայից։
«Հայաստանում հանգամանքների բերումով դուք այսօր ամենամեծ ընդդիմադիր ուժն եք, և դա ենթադրում է, որ դուք որոշակի գործոն եք ու պետք է կարողանաք օգտագործել այդ հանգամանքը, այդ գործոնը և նաև պատասխաններ տաք ձեր ընտրողներին»,- ասել է Խանդանյանը։
Նա վարչապետի առաջարկը բնորոշել է որպես իրեն իշխանությունից հեռացնելու բաց ծրագիր՝ պնդելով, որ խմբակցությունը երկու օր շարունակ չի արձագանքում դրան։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն հեռացնելու ոչ գաղտնի պլան է առաջարկել ձեզ, և դուք արդեն երկու օր է՝ որևէ կերպ չեք կարողանում այդ պլանին արձագանքել»,- նշել է պատգամավորը։
Խանդանյանի գնահատմամբ՝ առաջարկի իրականացումը կարող է հանգեցնել ինչպես վարչապետի փոփոխության, այնպես էլ խաղաղության ամրապնդման։
«Հայաստանի հանրությունը ձեզնից ակնկալում է արձագանք մի պլանի, որը երկու շատ էական արդյունք է ունենալու։ Նիկոլ Փաշինյանը չի լինելու Հայաստանի վարչապետ, և խաղաղությունն ինստիտուցիոնալացվելու է ու դառնալու է անշրջելի։ Ես ակնկալում եմ, որ ձեր հաջորդ ելույթներում դուք կխոսեք այս մասին և կասեք, թե որն է ձեր պատասխանը այս պլանին»,- հայտարարել է նա։
Նիկոլ Փաշինյանի առաջարկին արդեն արձագանք եղել է խորհրդարանական ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունից։ Խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ իրենք չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի առաջարկը և մտադիր է իր քայլերով կանխել Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելը։
Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մանդատները խորհրդարանում բավարար չեն Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելու համար։ Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխող ուժին անհրաժեշտ է ևս 6 ձայն։