Տնտեսություն

ՊԵԿ-ը որոշ ապրանքատեսակների համար իրականացնում է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիր

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը որոշ ապրանքատեսակների համար իրականացնում է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիր

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նոյեմբերի 1-30-ը որոշ ապրանքատեսակի համար նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիր է իրականացնում։

Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը հարցազրույց է անցկացրել Պետական եկամուտների կոմիտեի ընթացակարգերի բաժնի պետ Աշոտ Միրումյանի հետ։

ՊԵԿ պաշտոնյայի խոսքով՝ տնտեսվարողները նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրին մասնակցում են կամավորական հիմունքներով։ Ծրագիրն ընդգրկում է 6 հիմնական ապրանքախմբեր՝ բժշկական արտադրատեսակներ, սննդամթերք, կոշկեղեն և տան պարագաներ, ավտոպահեստամասեր, պիրոտեխնիկա ու խաղալիքներ, նաև բնական մորթուց հագուստ։

«Փորձնական ծրագրի ամբողջ նպատակն է գնահատել դրոշմավորման գործնական կիրառելիությունը։ Ծրագիրը նաև կօգնի վեր հանել գործընթացի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները՝ պարտադիր դրոշմավորումը նախատեսելուց ավելի ճիշտ և արագ մեխանիզմ կիրառելու համար։

Դրոշմավորման համակարգում մասնակից կողմերն են Պետական եկամուտների կոմիտեն, տնտեսվարողները և գործընթացն իրականացնող ազգային օպերատորը»,- ասել է Աշոտ Միրումյանը։

Նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի ներդրումը կարևոր նշանակություն ունի ստվերային տնտեսության կրճատման, հարկային եկամուտների ավելացման, ապրանքաշրջանառության թափանցիկության բարձրացման և արդար մրցակցային միջավայրի ձևավորման համար։ Դրոշմավորման համակարգի ներդրումը կբարելավի ապրանքների շրջանառության վերահսկողությունը, կնպաստի կեղծ ապրանքների տարածման սահմանափակմանը՝ միաժամանակ պաշտպանելով սպառողների իրավունքները։

Նարեկ Առուշանյան 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում