Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը
5 րոպեի ընթերցում

Երեխաների համաշխարհային օրվա առթիվ՝ Հայաստանը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Լուսավորենք կապույտով» համաշխարհային նախաձեռնությանը՝ վերահաստատելով իր հանձնառությունը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ։
«Նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 20-ին Երեխաների համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում աշխարհի տարբեր երկրներում այդ օրը կապույտով են լուսավորվում շինություններ, հուշարձաններ և տեսարժան վայրեր։ Այս տարի Հայաստանում կապույտով լուսավորվել է Գեղարքունիքի մարզի Գեղամա լեռնաշղթայի Նազելի լիճը՝ խորհրդանշելով յուրաքանչյուր երեխայի՝ մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու իրավունքը։ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Նազելի լճի կապույտ լուսավորությունը խորհրդանշական հիշեցում է, որ երեխայի իրավունքներն ու մեր մոլորակի բարօրությունն անքակտելիորեն կապված են։ Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի մեծանալու մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում։ Այդ իրավունքի ապահովման համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր՝ պահպանելու բնական այն համակարգերը, որոնք կենսական նշանակություն ունեն բոլորիս համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը նշել է, որ Նազելի լիճը կապույտով լուսավորելով՝ ոչ միայն տոնվում է երեխաների համաշխարհային օրը, այլև իրենք կոչ են անում ավելի հետևողական և միասնական քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի դեմ պայքարում՝ հանուն Հայաստանի և ամբողջ աշխարհի երեխաների կայուն ապագայի։
«Ինչպես յուրաքանչյուր երեխայի, այնպես էլ Նազելի լճի մեջ բնությունը, զարգանալու մեծ ներուժ է դրել։ Բնության հզոր ուժերի ազդեցությամբ ձևավորված այս հրաբխային լիճն այսօր կենսամիջավայր է ապահովում կենդանի օրգանիզմների բազմաթիվ տեսակների համար։ Նազելին հիշեցնում է, որ և՛ բնությունը, և՛ երեխաները կարող են լիարժեք զարգանալ, երբ պաշտպանված են, շրջապատված հոգատարությամբ և ունեն իրենց ներուժը դրսևորելու հնարավորություն։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստից (COP17) հետո, երբ աշխարհը նախանշում է հետագա քայլերը, և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 31-րդ նստաշրջանի (COP31) ավարտին ընդառաջ Նազելի լճի կապույտ լուսավորությունը պարզ, բայց կարևոր ուղերձ է հղում. առողջ էկոհամակարգերը երեխաների բարեկեցության հիմնարար նախապայմաններից են։ Մաքուր օդի, անվտանգ խմելու ջրի և սննդանյութերով հարուստ սննդի հասանելիությունը, ինչպես նաև կլիմայական ու բնապահպանական վտանգներից երեխաների պաշտպանվածությունը մեծապես կախված են բնության բարօրությունից և կենսունակությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամեն տարի՝ նոյեմբերի 20-ին խորհրդանշական կապույտ լույսի ներքո լուսավորվել են Սիդնեյի օպերային թատրոնը, Աթենքի Ակրոպոլիսը, Գիզայի բուրգերը, «Ջրային խորանարդը» Պեկինում, «Էմփայր Սթեյթ Բիլդինգը» Նյու Յորքում, Պետրան Հորդանանում, Հնդկաստանի նախագահի նստավայր Ռաշտրապատի Բհավանը, Սենեգալի Աֆրիկյան վերածննդի հուշարձանը և բազմաթիվ այլ կառույցներ։ Բոլոր այս շինությունները կապույտ գույն են ստանում՝ հաջակցություն երեխաների իրավունքների։
Հայաստանում Երեխաների համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Լուսավորենք կապույտով» ամենամյա նախաձեռնությունից բացի, կաջակցի նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հատուկ նիստի անցկացմանը։ Նիստի ընթացքում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը հանդես կգա առցանց միջավայրում երեխաների պաշտպանությանը նվիրված ելույթով։ Բացի այդ, Երեխաների համաշխարհային օրվա առթիվ և հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Հայաստանի ֆոնդային բորսան կանցկացնի (AMX) «Զանգը հնչեցնենք հանուն երեխաների» խորհրդանշական արարողությունը՝ «Իմ օրը։ Իմ իրավունքները։ Իմ ապագան» խորագրով։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն էլ համերգ կկազմակերպի՝ հրավիրելով հանդիսատեսին խորհելու այն մասին, թե ինչպես են այսօրվա գործողությունները ձևավորում երեխաների ապագան։
