Հայաստան

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում պետությունների պատասխանատվությունն ու միջազգային մեխանիզմները՝ փորձագետների ուշադրության կենտրոնում

8 րոպեի ընթերցում

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում պետությունների պատասխանատվությունն ու միջազգային մեխանիզմները՝ փորձագետների ուշադրության կենտրոնում

Երևանում անցկացվող «Անհետ կորած անձանց ճակատագիրը, հումանիտար երկխոսություն և համագործակցություն» միջազգային համաժողովի շրջանակում քննարկվել են անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանման հարցում պետությունների պարտավորությունները, միջազգային իրավական մեխանիզմների արդյունավետությունը, ինչպես նաև ընտանիքների և քաղաքացիական հասարակության դերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  պանելային քննարկման ընթացքում հայաստանյան և միջազգային փորձագետներն անդրադարձան միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում պետությունների պարտավորություններին՝ կանխելու անհետացումները, որոնելու անհայտ կորած անձանց, պարզելու նրանց ճակատագիրն ու գտնվելու վայրը, ինչպես նաև հետաքննելու բռնի անհետացումների դեպքերը։ Քննարկման մասնակիցները անդրադարձան նաև ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագիրն իմանալու իրավունքին, արդարադատության հասանելիությանը, փոխհատուցման մեխանիզմներին և հետհակամարտային վերականգնման գործընթացներին։

Երևանի պետական համալսարանի միջազգային դատարանների և արբիտրաժի մագիստրոսական ծրագրի տնօրեն, «Հայկական միջազգային իրավունքի հանդեսի» գլխավոր խմբագիր Եղիշե Կիրակոսյանը, անդրադառնալով անհայտ կորած անձանց առնչվող խախտումների համար պետությունների պատասխանատվությանն, ընդգծեց, որ ներպետական օրենսդրական կարգավորումները, թեև կարևոր են անհայտ կորածների ընտանիքների նկատմամբ պետության հանձնառությունները սահմանելու և տարբեր կառույցների աշխատանքը համակարգելու տեսանկյունից, սակայն բավարար չեն։ Նրա խոսքով՝ խնդիրը հաճախ առնչվում է երկու կամ ավելի պետությունների, ինչն անհրաժեշտ է դարձնում միջազգային իրավական մեխանիզմների կիրառումը։

«Հայաստանի տեսանկյունից ամենահեռանկարային և արդյունավետ մեխանիզմներից մեկը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, որովհետև այստեղ ոչ միայն պետությունը, այլև ընտանիքի անդամները, փաստաբանները կարող են ներկայացնել գանգատներ, որոնք վերաբերում են անհայտ կորածներին»,- նշեց Կիրակոսյանը։

Կիրակոսյանի դիտարկմամբ՝ առանձնահատուկ ուշադրության են արժանի այն դեպքերը, երբ անձի անհետացման հանգամանքները լիարժեք պարզված չեն, և առկա են դժվարություններ՝ դեպքը բռնի անհետացում որակելու համար անհրաժեշտ ապացույցների տեսանկյունից։ Այս համատեքստում նա կարևորեց նաև պետությունների պարտավորությունների հստակեցումը՝ հաշվի առնելով, թե որ պետության տարածքում կամ ում վերահսկողության ներքո գտնվող տարածքում է արձանագրվել անձի անհետացումը, և ինչպիսի պատշաճ գործողություններ պետք է իրականացվեն նրա ճակատագիրը պարզելու ուղղությամբ։

Իտալիայի Միլանո-Բիկոկկայի համալսարանի մարդու իրավունքների միջազգային իրավունքի պրոֆեսոր, Ձերբակալված և անհետացած անձանց հարազատների միությունների լատինաամերիկյան ֆեդերացիայի միջազգային իրավական խորհրդատու Գաբրիելա Չիտրոնին ներկայացրեց  անհայտ կորած անձանց որոնման և նրանց ճակատագրի պարզաբանման միջազգային իրավական շրջանակը։ Նա ընդգծեց, որ պետությունները պարտավոր են շարունակել որոնողական և քննչական գործողությունները մինչև անհետացած անձի ճակատագրի պարզաբանումը։ Բռնի անհետացման դեպքերում անհրաժեշտ է նաև բացահայտել պատասխանատուներին, պատժել նրանց և տուժողներին տրամադրել համապատասխան փոխհատուցում։ Վերջինս, ըստ փորձագետի, չպետք է սահմանափակվի միայն նյութական աջակցությամբ, այլ պետք է ներառի արժանապատվության վերականգնման միջոցներ և նման դեպքերի չկրկնվելու երաշխիքներ։

«Բռնի անհետացման զոհ հասկացությունը շատ լայն է։ Այն չի վերաբերում միայն անհետացած անձին, այլ նաև ներառում է ցանկացած այլ անձի, որը կրել է այդ բռնի անհետացման ուղղակի ազդեցությունը։ Ընտանիքները նույնպես հանդիսանում են տուժողներ։ Դա կարող է տարածվել նաև ավելի լայն շրջանակի վրա՝ կախված նրանից, թե ում հետ է կապված անհետացած անձը»,- ընդգծեց Չիտրոնին։

Միջազգային մարդասիրական իրավունքի ինստիտուտի հատուկ նախագծերի բաժնի համակարգող Էդուարդո Ջիմիլյանոն, խոսելով  անհայտ կորած անձանց ընտանիքների իրավունքներին և հետհակամարտային հասարակություններում հաշտեցման ու վերականգնման գործընթացների մասին, նշեց, որ անհայտ կորած անձանց խնդիրը միայն իրավական չէ. այն ունի նաև սոցիալական, հոգեբանական, տնտեսական և քաղաքական հետևանքներ։

Նրա խոսքով՝ ընտանիքները, չունենալով իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ հստակ տեղեկություններ, հաճախ չեն կարողանում հաղթահարել կորուստը։

Փորձագետը կարևորեց նաև այն, որ այս հարցը պետք է զերծ պահել  քաղաքական շահարկումներից՝ ընդգծելով, որ տեղեկատվության բացակայությունն ու պետական մարմինների նկատմամբ անվստահությունը կարող են խորացնել լարվածությունը հասարակությունում։

«Ես չէի ասի, որ հակամարտության ավարտն ինքնաբերաբար նշանակում է հաշտեցում կամ միջազգային կանոնների, մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների պահպանումը բերում է հաշտեցման։ Դրանց հետևելը դեռևս չի նշանակում, որ մարդիկ պետք է հաշտվեն»,- նշել է Ջիմիլյանոն:

Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի փորձագետ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Աննա Մելիքյանն էլ կարևորեց քաղաքացիական հասարակության և ընտանիքների մասնակցությունն անհայտ կորած անձանց իրավունքների պաշտպանության և արդարադատության վերականգնման գործընթացներում։

Նա նշեց, որ քաղաքացիական հասարակությունը հանդես է գալիս ոչ միայն որպես ընտանիքներին աջակցող կամ նրանց և պետության միջև միջնորդ, այլև որպես անկախ դերակատար։

Մելիքյանը մտահոգություն հայտնեց ընտանիքների, հանրության և պետական կառույցների միջև վստահության պակասի, ինչպես նաև անհայտ կորածների վերաբերյալ պաշտոնական վիճակագրության տրամադրման դադարեցման առնչությամբ՝ կարևորելով տեղեկատվության հասանելիությունն ու պետական մարմինների թափանցիկությունը։

«Սա երկար գործընթաց է, բայց մեզ համար կարևորն այն է, որ հարցը մշտապես պահվի օրակարգում։ Կարևոր է նաև խաղաղության պայմանագրում համապատասխան հոդված ունենալը, բայց մենք պնդում ենք, որ սա հենց այն խնդիրն է, որի դեպքում չպետք է սպասենք։ Ամեն օրն աշխատում է մեր դեմ, և սա մեզ ստիպում է շտապել։ Մենք չպետք է սպասենք, մինչև կհաստատվի խաղաղության պայմանագիրը և կստեղծվեն համապատասխան ինստիտուտներ, որպեսզի սկսենք աշխատել այս ուղղությամբ»,- ընդգծել է Մելիքյանը։

Նա նաև շեշտել է, որ անհայտ կորած անձանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովվի հավասարապես՝ անկախ նրանից, թե որ հակամարտության կամ պատերազմի ընթացքում է անձն անհայտ կորել։ Մելիքյանի խոսքով՝ այս հարցում անհրաժեշտ է շարունակել պետության, քաղաքացիական հասարակության, ընտանիքների և միջազգային կառույցների համատեղ աշխատանքը՝ բացառելով խտրականությունը և ապահովելով բոլոր տուժածների իրավունքների պաշտպանությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում