Հայաստան

Փորձաքննությունը հաճախ չի կատարում նախագծերի որակի ֆիլտրի իր դերը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

2 րոպեի ընթերցում

Փորձաքննությունը հաճախ չի կատարում նախագծերի որակի ֆիլտրի իր դերը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող մասնագետների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են նախագծերի փորձաքննության որակին և փորձագետների գործունեությանն առնչվող խնդիրները։

«Փորձաքննությունը հաճախ չի կատարում նախագծերի որակի ֆիլտրի իր դերը, ինչի մասին փաստում են ծրագրերի պատվիրատու հանդիսացող պետական կառույցներն ու համայնքները։ Մենք չենք կարող հանդուրժել, որ հանրային միջոցներն ուղղվեն ցածրորակ նախագծերի իրագործմանը»,- ընդգծել է Եղիազար Վարդանյանը՝ հավելելով, որ անբարեխիղճ կազմակերպությունները կարող են զրկվել լիցենզիայից, իսկ գործընթացները՝ ստանալ իրավական գնահատական։ Հետագայում գործելաոճը չվերանայելու դեպքում անհրաժեշտ կլինի խնդիրը կարգավորել օրենսդրական փոփոխությունների ճանապարհով։

Մինչ այդ, որպես լուծում կոմիտեն նախատեսում է մշակել նախագծերի փորձաքննության օրինակելի ձև՝ փորձագետների առաջարկները հաշվի առնելով, որով կհաստատվի փորձաքննության ձևաչափը, և կկիրառվեն պատասխանատվության հստակ մեխանիզմներ։

Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են հարցեր՝ կապված ոչ հստակ տեխնիկական առաջադրանքների և սեղմ ժամկետների հետ։ Որոշվել է համատեղ մշակել նաև տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձև ու դիտարկել հստակ կարգավորումների և թվային գործիքակազմերի կիրառմամբ գնառաջարկների խնդրի լուծման տարբերակներ։

«Եթե փորձաքննություն իրականացնող կազմակերպություններն աշխատեն իրենց կարողությունների բարելավման ուղղությամբ, և որակը կարգավորվի, Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է նախաձեռնել փորձաքննության համար սահմանված տոկոսի բարձրացում»,-վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում