Մշակույթ

Երևանում կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովը

2 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովը

Երևանում նոյեմբերի 27-28-ը կանցկացվի «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովը` նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ համաժողովին մասնակցելու նպատակով  Երևան կժամանեն ավելի քան մեկ տասնյակ երկրների պատվիրակություններ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՅՈւՆԵՍԿՕ-ից և այլ միջազգային կազմակերպություններից:

Համաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ին, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: Բացման արարողությանը կհաջորդի պլենար նիստ՝ «Մշակութային արժեքների ձևերի պահպանման և խրախուսման մասին ՅՈւՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիա․ 20 տարվա ձեռքբերումները և հեռանկարները» թեմայով: 

Տեղի կունենան նաև պլենար քննարկումներ ստեղծարար արդյունաբերության, թվային դարում մշակութային ինքնարտահայտման բազմազանության և այլ թեմաներով:

Համաժողովի շրջանակում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի միջև։ 

Տեղի կունենա նաև «Գյումրու դարբնության ավանդույթը» նամականիշի մարում, ինչպես նաև կանցկացվի «Տերյան» մշակութային կենտրոնի «My way» ցուցադրությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում