Հայաստան

Կա մեծ հավանականություն, որ առաջիկա տասնամյակներում Կայան-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Սպիտակ-Գյումրի-Ախուրիկ ավտոճանապարհը լինելու է մեր տարածաշրջանի ամենածանրաբեռնված ճանապարհներից. ՀՀ վարչապետ

5 րոպեի ընթերցում

Կա մեծ հավանականություն, որ առաջիկա տասնամյակներում Կայան-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Սպիտակ-Գյումրի-Ախուրիկ ավտոճանապարհը լինելու է մեր տարածաշրջանի ամենածանրաբեռնված ճանապարհներից. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ««Արևելյան գործընկերություն. կապակցվածության ոլորտում ներդրումներ» նախաձեռնության շրջանակներում տրամադրվող խորհրդատվական աջակցության և խորհրդատվական ծառայությունների մասին» թիվ AA-013536 համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նոյեմբերի 19-ի նիստի ընթացքում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ խոսքը վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում Գյումրիից Ախուրիկ 25 կմ երկարությամբ և Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղից դեպի Մարգարա՝ Մարգարայի անցակետ, 5 կմ երկարությամբ ճանապարհների տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը, նախագծմանը, սոցիալական և բնապահպանական գնահատման նախագծի ընդունմանը։ 

«Այստեղ նախատեսում ենք շինարարական աշխատանքները շարունակել զուգահեռաբար կառուցելու և նախագծելու տրամաբանությամբ։ Այս նախագծով առաջարկվող աջակցությունը նախատեսում է այս ամբողջի մասով մրցութային փաստաթղթերի պատրաստում։ Ընդհանուր առմամբ՝ խոսքը 30 կմ ճանապարհահատվածի մասին է»,-ասել է ՏԿԵ նախարարը։

Անդրադառնալով որոշմանը՝  Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ճանապարհների երկու փոքր հատվածների մասին է խոսքը, որը, մեծ հաշվով, վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման նախապատրաստական աշխատանքներին, բայց շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ սա շատ ավելի մեծ տեսլականի մաս է, և առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու։ Սա այն դեպքերից է, երբ մենք, գոնե ես ինքս ինձ համար, արձանագրում ենք, որ մենք իրականում այդքան էլ լավ պատկերացում չունենք մեր երկրի աշխարհագրական դիրքի մասին՝ բառիս բուն և փոխաբերական իմաստներով։ Մեր երկրում այդպիսի սոցիալ-հոգեբանական ավանդույթ կա՝ ասել, թե մենք ինչպիսի վատ աշխարհագրական դիրքում ենք գտնվում, և առիթ ունեցել եմ ասելու, որ ներկա տարածաշրջանային և միջազգային պրոցեսների արդյունքում մեր երկրի աշխարհագրական դիրքը հաստատուն կերպով փոխվում է։ Սա շատ հետաքրքիր երևույթ է. մենք, բնականաբար, ոչ մի տեղ չենք գնում, մեր երկրի կոորդինատները չեն փոխվում, բայց աշխարհագրական դիրքը փոխվում է»։

Խոսելով, մասնավորապես, Ախուրիկ-Կայան գծի մասին՝ վարչապետը նշել է, որ Ախուրիկը Թուրքիայի հետ սահմանային հատվածն է Շիրակի մարզում, Կայանը Տավուշի մարզում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բնակավայրն է։ 

«Երբ խաղաղության գործընթացը սկսվեց և տեղի ունեցավ, և նախորդ տարի օգոստոսի 8-ին հաստատվեց խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք մի շատ անսպասելի հարց ստացանք մեր միջազգային գործընկերների կողմից՝ իսկ դուք գիտե՞ք, որ Արևելքի և Արևմուտքի միջև ամենակարճ ցամաքային ճանապարհն անցնում է ՀՀ-ով։ Եվ մենք ուղիղ և անկեղծ ասացինք՝ ոչ, չգիտենք։ Նման բաների մասին մտածելու առիթ պարզապես չենք ունեցել։ Հիմա, ըստ էության, այս ծրագրի մի բաղադրիչով մենք գործնական ուսումնասիրության պետք է ենթարկենք մեր միջազգային գործընկերների կողմից առաջարկված այն թեզը, որ Արևելքի և Արևմուտքի միջև ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանով, մասնավորապես՝ Կայանից մինչև Ախուրիկ՝ Տավուշի մարզ, Լոռու մարզ, Շիրակի մարզ», -ասել է երկրի ղեկավարը։ 

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այդ հատվածներում վերջին տարիներին ենթակառուցվածքների ոլորտում շատ մեծ ներդրումներ են իրականացվել՝  Նոյեմբերյան-Իջևան-Երևան մայրուղու վրա, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում։

«Ուզում եմ այս առումով նշել Ենոքավան-Ջուջևան ավտոճանապարհը, Ենոքավան-Աթան ճանապարհի հեռանկարը։ Շատ մեծ է հավանականությունը, որ առաջիկա տասնամյակներում Կայան-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Սպիտակ-Գյումրի-Ախուրիկ ավտոճանապարհը լինելու է մեր տարածաշրջանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը։ Մենք այդ ճանապարհն ապահովելու համար պետք է այլընտրանքային ճանապարհներ ունենանք, որպեսզի կարողանանք այդ հիմնական գիծն ապահովել միջազգային բեռնափոխադրումների համար։ Իհարկե, այս խորհրդատվության արդյունքում մենք ամենակարճ ճանապարհն ավելի կկոնկրետացնենք»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում