Տնտեսություն

ԿԲ նախագահը կարևորում է տնտեսական ռիսկերին բյուջետային պահուստներով արձագանքելը

3 րոպեի ընթերցում

ԿԲ նախագահը կարևորում է տնտեսական ռիսկերին բյուջետային պահուստներով արձագանքելը

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կարևորել է պետական բյուջեի պահուստային միջոցների օգտագործումը հնարավոր մակրոտնտեսական ռիսկերի ի հայտ գալու դեպքում՝ նշելով, որ աշխարհաքաղաքական անորոշությունները ռիսկեր են ստեղծում բոլոր տնտեսությունների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գալստյանն այս մասին ասել է Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի՝ Հայաստանի տնտեսության հիմնական ռիսկերի և տնտեսական աճի կանխատեսման վերաբերյալ հարցին։

ԿԲ նախագահը հիշեցրել է, որ բյուջեի նախագծով նախատեսվում է 5,8 տոկոս տնտեսական աճ։ Նա նշել է, որ Կառավարության գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսության աճի ներուժը կազմում է տարեկան 5–5,5 տոկոս, հետևաբար կանխատեսվող աճը մոտ է այդ մակարդակին։

«Կառավարության գնահատականների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության աճի պոտենցիալը տարեկան կազմում է 5-ից 5,5 տոկոս։ Այսինքն՝ կառավարության գնահատմամբ՝ մենք պոտենցիալից ավելի աճելու շատ մեծ ծավալ չենք ունենալու»,- ասել է Գալստյանը։

Նա ընդգծել է, որ վերջին տարիներին տնտեսական աճին նպաստել են նաև ժամանակավոր գործոններ՝ կապված ներմուծման, արտահանման և վերաարտահանման հետ։ Գալստյանի գնահատմամբ՝ դրանց ազդեցությունը էապես չեզոքանում է, և հետագա աճի համար կարևորվում են հայկական արտադրանքի ստեղծումն ու արտահանումը։

Արձագանքելով պատասխանին՝ Ֆարմանյանը խնդրել է հստակեցնել՝ արդյոք Հայաստանի տնտեսությունն այս պահին ռիսկեր ունի, և որոնք են դրանք։

Գալստյանը պատասխանել է, որ աշխարհաքաղաքական անորոշությունների պայմաններում տնտեսական ռիսկեր ունեն բոլոր երկրները։ Որպես օրինակ՝ նա նշել է ԱՄՆ-ն, եվրոպական երկրները, Ռուսաստանն ու Չինաստանը, որտեղ տնտեսական աճը նույնպես կարող է կանխատեսվածից ցածր լինել։

«Ռուսաստանը կամ Չինաստանը կարող են բախվել մի իրավիճակի, որ իրենց մոտ տնտեսական աճերը լինեն էապես ավելի ցածր, քան կանխատեսում են։ Կարծում եմ, որ ցանկացած տնտեսություն այդ ռիսկերն ունի»,- նշել է ԿԲ նախագահը։

Նա հավելել է, որ կդժվարանա գնահատել այդ ռիսկերի իրականացման հավանականությունը՝ միաժամանակ անդրադառնալով դրանց արձագանքելու բյուջետային հնարավորություններին։

«Կառավարությունը որոշակի պահուստային ֆոնդին միջոցներ է հատկացրել, և մեր գնահատականով՝ շատ կարևոր է, որ այդ պահուստային միջոցներում եղած գումարներն ուղղվեն նաև Ձեր նշած մակրոտնտեսական ռիսկերի ի հայտ գալու դեպքում»,- ասել է Գալստյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում