Հայաստան

ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերը

4 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերը

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ, որի առանցքում որոշ ապրանքային խմբերի համար իրականացվող նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերի վերաբերյալ քննարկումն էր։ Նիստին մասնակցել են Հասարակական խորհրդի անդամները և ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև «Ի-Մարկ» ՍՊԸ-ի տնօրենը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից 2026 թ․ հոկտեմբերի 29-ին ընդունված մի շարք որոշումներով հաստատված Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրերը։ Փորձնական ծրագրերի նպատակն է գնահատել ապրանքների նույնականացման միջոցներով մեխանիզմների կիրառելիությունը, փորձարկել տեղեկատվական համակարգի աշխատանքը և կատարելագործել ապրանքների հետագծելության և վերահսկողության գործընթացները։ Անդրադարձ է կատարվել ընդունված որոշումներով սահմանված փորձնական ծրագրերի շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորվող հիմնական ապրանքախմբերին, որոնք են․

  • սննդամթերքը և հրուշակեղենը՝ որոշ սառեցված ապրանքները, կիսապատրաստուկները, թխվածքաբլիթները և ալյուրից պատրաստված այլ արտադրատեսակները,
  • բնական մորթուց արտադրատեսակները՝  բնական մորթուց հագուստը, հագուստի պարագաները և այլ արտադրատեսակները,
  • պիրոտեխնիկական արտադրանքը և հրդեհային անվտանգության սարքավորումները, ինչպես նաև խաղալիքներն ու որոշ հեծանիվները,
  • բժշկական արտադրատեսակները՝ որոշ դեղագործական նյութերը, հակաբիոտիկները, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցները, բժշկական ձեռնոցները, վիրակապական նյութերը, հագուստը, ապակե սրվակները, լաբորատոր սպասքը, հաշմանդամային սայլակները, ակնոցներն ու ոսպնյակները, բժշկական, վիրաբուժական և ռենտգենյան ապարատները, բժշկական կահույքը և այլ արտադրատեսակները,
  • կոշկեղենը, լուսանկարչական ապարատները և տան որոշ պարագաները, ներառյալ՝ սփռոցները, անձեռոցիկները և որոշ փոշեցիրները,
  • ավտոպահեստամասերը և անվադողերը, ներառյալ՝ ապակիները, ֆիլտրերը, արգելակային համակարգերի մասերը և այլ արտադրատեսակները։

Կարևորելով պետություն-հասարակություն արդյունավետ երկխոսությունը՝ քննարկման շրջանակում վեր են հանվել փորձնական ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները և հարցերը։ Ակտիվ քննարկում է ծավալվել նաև բարձրացված խնդիրների հաղթահարման ուղիների և լուծումների շուրջ։ Խորհրդի անդամները հանդես են եկել կառուցողական առաջարկներով և դիտարկումներով։

Միաժամանակ, կարևորվել է տնտեսվարողների մասնակցությունը փորձնական ծրագրերին, որն իրականացվում է կամավոր հիմունքներով, ինչպես նաև նրանց գործունեության, մասնավորապես, փորձնական ծրագրերի շրջանակում ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման ընթացքում, առաջացած խնդիրների հավաքագրումը և Կոմիտեին ներկայացումը։

Անդրադարձ է կատարվել փորձնական ծրագրերի իրականացման ժամկետին, որը նշված ապրանքախմբերի համար 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ է։

Ընդգծվել է նաև Կոմիտեի կողմից փորձնական ծրագրերի ավարտից հետո ծրագրերի գնահատման արդյունքների ամփոփումն ու 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացումը՝ հետագա որոշումների կայացման նպատակով։

ՊԵԿ-ը հորդորում է նշված ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին՝ միանալ փորձնական ծրագրերին՝ կարևորելով ընթացիկ խնդիրների դուրս բերումը փորձնական ծրագրերի իրականացման ժամանակահատվածում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում