Հայաստան

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհին թունելների հորատման աշխատանքներն ավարտվել են

2 րոպեի ընթերցում

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհին թունելների հորատման աշխատանքներն ավարտվել են

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ ընդգծելով, որ այս ճանապարհն ունի ռազմավարական և տնտեսական կարևոր նշանակություն։ 

«Դրա կառուցմամբ էապես կմեծանան բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալները, երթևեկության արագությունն ու հարմարավետությունը, ինչն իր հերթին շղթայական դրական ազդեցություն կունենա տնտեսության մյուս ճյուղերի վրա։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումը Հայաստանում իրականացվող այն եզակի ծրագրերից է, որն իր մեջ ներառում է ճանապարհային գրեթե բոլոր ենթակառուցվածքները միաժամանակ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, տրանսպորտային հանգույցներ և արհեստական այլ կառուցվածքներ»,– հայտնում են կառույցից՝ նշելով, որ մեծ ծավալ են կազմում նաև հաղորդուղիների տեղափոխման և կառուցման աշխատանքները։

Շինարարական աշխատանքների ընդհանուր ֆիզիկական առաջընթացն այս պահին շուրջ 60 տոկոս է։

Դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ տեխնիկական տեսանկյունից ամենաբարդ աշխատանքներն արդեն իսկ ունեն ավարտվածության բարձր ցուցանիշ։ Օրինակ՝ թունելների հորատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, իսկ բարդ ռելիեֆային պայմաններում արդեն իսկ իրականացվել է հողային աշխատանքների ավելի քան 90 տոկոսը։

Այս փուլում առավել ակտիվ տեմպով շարունակվում են արհեստական կառուցվածքների՝ կամուրջների, հենապատերի և թունելների ներքին երեսպատման ու հարդարման աշխատանքները։

Շինարարական աշխատանքներում միջինում ներգրավված է շուրջ 645 աշխատակից և 228 միավոր տարբեր նշանակության շինարարական տեխնիկա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում