Հայաստան

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը

3 րոպեի ընթերցում

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) առաքելության անդամներին՝ ԿԶԵՀ-ի ենթակառուցվածքային և սոցիալական ֆինանսավորման դեպարտամենտի տնօրեն Վերա Մատրոսովայի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, այլ պատասխանատուներ։

Քրիստինե Ղալեչյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ գործակցությունն ու Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի համատեղ իրականացումը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության և ԿԶԵՀ-ի ֆինանսավորմամբ։

Առաքելության անդամներն այս շաբաթ եղել են Սյունիքում՝ ծանոթանալով Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքին։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել շինարարության որակի ու տեմպերի առնչությամբ։ Վերջիններս ներկայացրել են նաև որոշակի նկատառումներ, տեխնիկական առաջարկներ՝ աշխատանքների արդյունավետությունն է՛լ ավելի բարձրացնելու նպատակով։ Հատկապես ուշադրության կենտրունում են եղել կամուրջների, ուղեանցների, փոխհատումների շինարարությանը, դրանց սեյսմակայունությանն առնչվող հարցերը։

Անդրադարձ կատարելով Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման ծրագրին՝ տեղեկացվել է, որ կապալառու կազմակերպությունն առաջիկա ամիսներին կիրականացնի մոբիլիզացիա՝ ամբողջացնելով տեխնիկական միջոցներն ու աշխատանքային թիմը, որից հետո կմեկնարկեն բուն շինարարական աշխատանքները։ Նշվել է, որ նախատեսվում է առաջիկայում կազմակերպել Քաջարանի թունելի կառուցման կապալառուի, տեխհսկողություն իրականացնող ընկերության և աշխատանքների պատվիրատուի համատեղ հանդիպում՝ հստակեցնելու կողմերի հաղորդակցության ու աշխատանքների ձևաչափերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում