ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Նիկոլ Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ կապված Հայաստանի իշխանությունների հետաքրքրությունները սպառված են։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Հայաստանը, եթե նոյեմբերի Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության կազմակերպության խորհրդի նիստում որոշում կայացվի Հայաստանի նկատմամբ կիրառել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը, այն է՝ Հայաստանը ժամանակավորապես զրկվի ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից և քվոտային պաշտոններում իր թեկնածուներին առաջադրելու հնարավորությունից։
«Ես ցանկանում եմ, որ մենք մեկընդմիշտ արձանագրենք՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը նոյեմբերի 5-ին հայտարարել էր, թե Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չկա, սակայն ՀԱՊԿ խորհրդի առաջիկա նիստում կարող է որոշում ընդունվել Հայաստանի նկատմամբ Կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու մասին։ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառմամբ՝ Հայաստանը կարող է զրկվել քվոտային կարգով ՀԱՊԿ պաշտոններում իր թեկնածուներին առաջադրելու, նաև ձայնի իրավունքից այնքան ժամանակ, մինչև վճարի անդամավճարներից գոյացած պարտքը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումներին, ինչպես նաև չի վճարում անդամավճարները։