ՆԳՆ-ն Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունների դադարեցման վերաբերյալ տվյալ չունի
2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարությունը տվյալ չունի, որ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հրաժարվել է այլ երկրների քաղաքացիություններից։ Միաժամանակ Հայաստանի պետական մարմիններն ինքնաբերաբար տեղեկություն չեն ստանում, երբ քաղաքացին այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց է սկսում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու վերաբերյալ հարցերին։
Հարցին, թե տնային կալանքը կարո՞ղ է խոչընդոտել այդ գործընթացին, նախարարը նշել է, որ այլ պետությունների օրենսդրական մանրամասներին ամբողջությամբ չի տիրապետում։
«Այլ երկրների օրենսդրական մանրամասները շատ լավ չգիտեմ, բայց քաղաքացիությունից հրաժարումը ստանդարտ գործընթաց է։ Որևէ խոչընդոտ այդ տեսանկյունից պիտի չլինի»,- ասել է Սարգսյանը։
Լրացուցիչ հարցին՝ արդյոք ՆԳՆ-ն տեղեկանում է այլ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացի մեկնարկի մասին, նախարարը պատասխանել է․ «Կարող ենք ստանալ այն ժամանակ, երբ քաղաքացին դադարեցրած կլինի, մեզ համապատասխան տեղեկատվություն կտա, որ ինքը հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եթե պարոն Կարապետյանին է վերաբերում, մենք որևէ տվյալ չունենք որևէ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ»։
2026 թվականի հունիսի 30-ին Սամվել Կարապետյանը լրագրողներին հայտնել էր, որ այլ քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը սկսվել է։ Նա նաև պնդել էր, որ այն ավարտելու համար դատարանը պետք է թույլատրի իրեն այցելել համապատասխան դեսպանատներ և դիմումներ ներկայացնել։