Իրավունք

ՆԳ նախարարը մտահոգիչ է համարում ծանր հանցագործությունների գործերով կրկնվող կալանավորումներն ու ազատումները

2 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարը մտահոգիչ է համարում ծանր հանցագործությունների գործերով կրկնվող կալանավորումներն ու ազատումները

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների գործերով անձանց կալանավորելու, ապա ազատելու և կրկին կալանավորելու դեպքերը օպերատիվ աշխատանքի տեսանկյունից մտահոգիչ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի անձի նկատմամբ կիրառված խափանման միջոցների վերաբերյալ հարցին։

Միաժամանակ նախարարը նշել է, որ չի կարող միջամտել դատական համակարգի աշխատանքին կամ գնահատել դատավորի որոշման իրավաչափությունը։

«Ես ինքս մտահոգիչ եմ համարում այն դեպքերը, երբ որ մենք ունենում ենք կալանքի կիրառում, հետո՝ կալանքից ազատում, հետո նորից՝ կալանքի կիրառում։ Դրանք, այո, օպերատիվ տեսանկյունից խնդրահարույց են ինձ համար՝ որպես գերատեսչության ղեկավար»,-նշել է Սարգսյանը։

Նախարարը շեշտել է, որ իր մտահոգությունը չի նշանակում դատական որոշումների գնահատման լիազորություն։

«Բայց սրա կողքին ես չեմ կարող մտնել դատավորի գործառույթների տիրույթ և հասկանալ, թե արդյոք ճիշտ է վարվել, թե ճիշտ չի վարվել։ Դրա համար կան առանձին օղակներ, որոնք կարող են գնահատականներ տալ դատավորի վարքագծին։ Բայց օպերատիվ տեսանկյունից մտահոգիչ է»,-ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում