Սպորտ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության ղեկավարին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության ղեկավարին

Մոնակոյի Իշխանապետությունում մեկնարկած Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գլխավոր տնօրեն Օլիվիե Նիգլիի և գործակալության նախագահի գրասենյակի տնօրեն Ռաֆալ Պիեխոտայի հետ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության համար՝ բարձր գնահատելով գործակալության աջակցությունը Հայաստանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը Օլիվիե Նիգլիին ներկայացրել է 2027 թվականին Հայաստանում նախատեսվող միջազգային սպորտային մրցաշարերը՝ կարևորելով գործակալության աջակցությունը WADA-ի պահանջներին համապատասխան անհրաժեշտ գործընթացները պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու գործում։

Գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես հակադոպինգային կրթության բաղադրիչը դպրոցական կրթական ծրագրերում ներառելու ուղղությամբ։ Կարևորվել է հակադոպինգային գործակալության գործունեության, դոպինգի կանխարգելման և ոլորտային գիտելիքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը՝ սկսած դպրոցական տարիքից։

Այս համատեքստում նախարարը ներկայացրել է Հայաստանի դպրոցներում ներդրված «Առողջ ապրելակերպ» կրթական ծրագիրը, անդրադարձ է կատարվել Հայաստանում հակադոպինգային գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը։

Գործակալության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանին՝ միջազգային չափանիշներին համապատասխան լիցենզավորված լաբորատորիաների ստեղծման և համապատասխան հետազոտությունների անցկացման ուղղությամբ փորձագիտական և խորհրդատվական աջակցության տրամադրման հարցում։

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների համաժողովին մասնակցում են նաև Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արփինե Գևորգյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում