Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ձևավորել է մարզչական կոմիտե
2 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ձևավորել է մարզչական կոմիտե, որը կգլխավորի նախկին բասկետբոլիստ, փորձառու մարզիչ Վահագն Հարությունյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում ձևավորվել է մարզչական կոմիտե, որը կգլխավորի նախկին բասկետբոլիստ, փորձառու մարզիչ Վահագն Հարությունյանը, որն ունի նաև վաստակավոր մարզչի կոչում։
Նա երկար տարիներ զբաղեցրել է նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը։ Մարզչական կոմիտեի ստեղծման հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում բասկետբոլի մարզիչների մասնագիտական զարգացմանը, մարզչական կրթության համակարգի կատարելագործմանը և մարզումների որակի բարձրացմանը։
Ներկայում Հայաստանում գործում է շուրջ 75 բասկետբոլային մարզիչ։ Ֆեդերացիայի առաջնահերթություններից է նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, ինչպես նաև նոր մարզիչների ներգրավումը և մարզչական համայնքի ընդլայնումը։ Կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն են լինելու՝ մարզիչների համար պարբերական սեմինարների, վերապատրաստումների և գործնական դասընթացների կազմակերպումը, մարզչական կրթության և որակավորման բարձրացման ծրագրերի մշակումը, միջազգային փորձի ուսումնասիրությունն ու արտասահմանյան մասնագետների հետ համագործակցության զարգացումը և այլնով»,- ասված է հաղորդագրության մեջ: