Հայաստան

Կառավարությունը Երևանի մետրոյի ենթակառուցվածքների ծրագրից շուրջ 839 միլիոն դրամ ուղղել է մարզային ճանապարհներին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը Երևանի մետրոյի ենթակառուցվածքների ծրագրից շուրջ 839 միլիոն դրամ ուղղել է մարզային ճանապարհներին

Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցման ծրագրից շուրջ 838 միլիոն 600 հազար դրամ է վերաբաշխվել Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում ճանապարհային աշխատանքների ֆինանսավորմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։

Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 200 միլիոն դրամ՝ ալպյան մարգագետիններ տանող 3,7 կիլոմետրանոց գրունտային ճանապարհի աշխատանքների համար։ Ֆինանսավորումը նախատեսված է ճանապարհի հողային պաստառի և դժվարանցանելի հատվածների անցանելիությունը վերականգնելու նպատակով։

Շիրակի մարզի ճանապարհային աշխատանքներին ուղղվել է շուրջ 194 միլիոն 300 հազար դրամ։ Հիմնավորման համաձայն՝ ֆինանսավորումը վերաբերում է ընդհանուր 2,185 կիլոմետր ճանապարհահատվածի նորոգմանը։

Գեղարքունիքի մարզում իրականացված միջին նորոգման աշխատանքների համար հատկացվել է շուրջ 444 միլիոն 300 հազար դրամ։ Խոսքը Սևան-Վարսեր, Զոլաքար, Ծովինար և Ձորագյուղ ուղղությունների՝ ընդհանուր 10,7 կիլոմետր ճանապարհների մասին է։

Փաստաթղթում նշվում է, որ Գեղարքունիքի նշված ճանապարհները դպրոցներ տանող ճանապարհներ են, իսկ աշխատանքներն արդեն ավարտվել են։

Ֆինանսավորման աղբյուրը «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» միջոցառման գումարների նվազեցումն է։ Ըստ հիմնավորման՝ վերաբաշխված գումարի չափով այդ միջոցառման ֆինանսավորումը հետագայում վերականգնելու անհրաժեշտություն չի առաջանա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում