Կրթություն

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում իրականացվող «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը նախատեսվում է ավելի ընդլայնել։ Դպրոցական մակարդակում ձևավորվող գիտելիքն ու մասնագիտական կողմնորոշումը պետք է շարունակություն ստանան նաև բարձրագույն կրթության համակարգում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հարցին։

Խաչատրյանը հետաքրքրվել է դպրոցներում արհեստական բանականության ուսուցման ընդգրկմամբ և ընդլայնման հնարավորություններով՝ կարևորելով դպրոցական ու բուհական կրթական ծրագրերի կապը։

Անդրեասյանը նշել է, որ դպրոցներում մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը միտված են և՛ գիտելիքի ձևավորմանը, և՛ մասնագիտական կողմնորոշմանը։

«Այս տարի սեպտեմբերից ընդլայնել ենք դպրոցների ցանկը։ Կոնկրետ FAST հիմնադրամի հետ իրականացվող «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը, որն ավագ դասարաններում է, հասանելի է մեր բոլոր մարզերում և շուրջ 40 դպրոցներում։ Մենք կանխատեսում ենք այն էլ ավելի ընդլայնել։ Սա մեկ օրում չի լինում, որովհետև նախապատրաստական մեծ աշխատանք է պահանջում, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստման և հավելյալ մասնագետների ներգրավման»,- ասել է նախարարը։

Նրա գնահատմամբ՝ որդեգրված մոտեցման արդյունավետության մասին են վկայում նաև արհեստական բանականության միջազգային դպրոցական օլիմպիադաներում հայ աշակերտների արդյունքները։

Անդրեասյանը հատուկ ընդգծել է մարզային պետական դպրոցների աշակերտների մասնակցությունը հավաքականին։

Նախարարն ասել է նաև, որ դպրոցական ծրագրի բուհական շարունակությունն ապահովելու հարցը քննարկման փուլում է, և տարբեր նախաձեռնությունները համադրվում են։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում