Մեզ պետական պարտքը կրկնապատկելու մեջ մեղադրում են նրանք, որոնց իշխանության ժամանակ այն աճել է 6.6 ու 5.8 անգամ. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին առ այն, թե Հայաստանի գործող իշխանությունների կառավարման շրջանում երկրի պետական պարտքը կրկնապատկվել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին խոսել է Ազգային ժողովում ՀՀ 2027 թվական պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ունեցած եզրափակիչ ելույթում։
«Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։ Մեղադրում է երկու խմբակցություն, որոնց իշխանությունների օրոք՝ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, Հայաստանի պետական պարտքն աճել է 6.6 անգամ և 5.8 անգամ։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք պետական պարտքն աճել է 6.6 անգամ, Սերժ Սարգսյանի օրոք պետական պարտքն աճել է 5.8 անգամ։ Եվ սա այն պայմաններում, երբ նրանց կառավարման օրոք Քովիդի համավարակ չի եղել, երբ երկրում տնտեսությունն ուղղակի կանգնի։ Իսկ մեր օրոք պետական պարտքն ավելացել է ոչ թե 2, այլ 1.7 անգամ, ընդ որում, ավելացել է նաև գիտե՞ք ինչ պատճառով, որ՝ ի տարբերություն իրենց, մենք «Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցում ենք։ Այսինքն՝ այդ պարտքի մի մասը իրենք են ստորագրել։ Եվ, եթե չկառուցենք «Հյուսիս-հարավ»-ը, մեր պետական պարտքը համապատասխանաբար ավելի քիչ կլինի։ Այսինքն՝ մենք մեր պետական պարտքի աճը անգամներով՝ 3-3.5 անգամ նվազեցրել ենք։ Եվ այսօր մեր պետական պարտքի մի մասը ձևավորվել է նաև նրա արդյունքում, որ մենք իրենց արած թանկ եվրոբոնդերը հետ ենք գնել և ձեռք ենք բերել ավելի էժան պարտք։ Օրինակ, որ «Հյուսիս-հարավ»-ը կառուցում ենք, որը տեսել եք, թե ինչ տեմպերով է առաջ գնում, բայց դրա պայմանագիրը իրենք են ստորագրել, այսինքն՝ դա իրենց ստանձնած պետական պարտքն է»,- ասել է Փաշինյանը։