Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը
4 րոպեի ընթերցում

Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի համագործակցությամբ իրականացվող «Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագրի երրորդ փուլն ամփոփվել է մասնակիցների նախագծերի ներկայացմամբ և հաղթողների մրցանակաբաշխությամբ։ Միջոցառմանը ներկայացվել են բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններ՝ տեքստիլի վերամշակման, բնապահպանական կրթության, ջրային ռեսուրսների և կլիմայի ոլորտներում։
Այս տարվա մասնակիցների գաղափարներն արտացոլում են բնապահպանական խնդիրների լուծման տարբեր մոտեցումներ։ Երևանում գործող Sweet Dreams և «Լաթե» նախաձեռնությունները զբաղվում են տեքստիլի վերամշակմամբ՝ ուշադրություն հրավիրելով նյութերի վերօգտագործման և թափոնների կրճատման հնարավորությունների վրա։ Գեղարքունիքի մարզի Step2Green նախագիծը կենտրոնացած է բնապահպանական կրթության վրա, իսկ Վարդենիսում իրականացվող River2Sevan նախաձեռնությունն անդրադառնում է ջրային ռեսուրսների և կլիմայի հետ կապված խնդիրներին։
«Մենք հավատում ենք, որ բնապահպանական խնդիրների լուծման համար անհրաժեշտ են ոչ միայն նոր տեխնոլոգիաներ, այլև մարդիկ, որոնք պատրաստ են իրենց գաղափարները վերածել իրական փոփոխությունների։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ այս նախաձեռնությունները զարգանում են ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում՝ ստեղծելով նոր հնարավորություններ տեղական համայնքների համար։ Վստահ ենք, որ այս ծրագրի մասնակիցների հաջողությունները կարող են ոգեշնչել նաև այլ երիտասարդների՝ սեփական գաղափարներով նպաստելու Հայաստանի կայուն զարգացմանը»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ծրագրի ութ ամիսների ընթացքում մասնակիցներն աշխատել են իրենց բիզնես գաղափարների զարգացման, նախագծերի կենսունակության բարձրացման և շուկա մուտք գործելու հնարավորությունների վրա։ Մասնագիտական խորհրդատվությունը, մենթորական աջակցությունն ու գործնական հանդիպումները նրանց օգնել են ավելի հստակ ձևակերպել իրենց նպատակներն ու նախագծերի զարգացման հաջորդ քայլերը։
«Շատ սերտ աշխատել ենք Ucom-ի հետ և ուրախ ենք, որ նման գործընկեր ունենք։ Հայաստանի համար կարևոր է զարգացնել բիզնեսներ, որոնք եկամուտ ստեղծելուն զուգահեռ լուծում են բնապահպանական խնդիրներ։ Այս ծրագրի միջոցով մենք օգնում ենք մասնակիցներին իրենց գաղափարները վերածել նման բիզնեսների՝ հասկանալ հաճախորդի կարիքները, մշակել կենսունակ բիզնես մոդել և գտնել գործընկերներ։
Իմփաքթ Հաբ Երևանի դերը թիմերին այս ճանապարհին աջակցելն է՝ գիտելիքներով, փորձով և կապերով։ Ծրագրի ավարտով սկսվում է այդ ամենը գործնականում կիրառելու փուլը, և մենք պատրաստ ենք շարունակել աշխատել մասնակիցների հետ, որպեսզի նրանց գաղափարները դառնան իրական արդյունքներ»,- ընդգծել է Իմթաքթ Հաբ Երևանի գլխավոր գործադիր տնօրեն Նազարեթ Սեֆերյանը։
Ամփոփիչ միջոցառմանը մասնակիցները մասնագիտական ժյուրիին ներկայացրեցին իրենց նախագծերը։ Բարձր գնահատելով թիմերի ներկայացրած գաղափարներն ու դրանց իրագործելիությունը՝ ժյուրին միաձայն որոշեց դրամական մրցանակներ շնորհել բոլոր չորս թիմերին։
«Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագիրն իրականացվում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանել կանաչ ձեռներեցությունը և աջակցել բնապահպանական նորարարական լուծումներ առաջարկող բիզնեսների ձևավորմանը։ Ծրագրի երեք տարիների ընթացքում համագործակցությունը դարձել է նոր գաղափարների զարգացման և գործնական լուծումների ստեղծման հարթակ։