ԿԳՄՍՆ-ն ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ բարձրաձայնված խնդիրներին կանդրադառնա բողոքարկման փուլում
7 րոպեի ընթերցում

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքներն ու բարձրաձայնված խնդիրները ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում են: Թեստերի բովանդակությանը, առաջադրանքների քանակին և դրանց լուծման համար տրամադրված ժամանակին վերաբերող հարցերին անդրադարձ կկատարվի բողոքարկման գործընթացում։ Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 65,5 տոկոսը հաղթահարել է այն, ինչը համադրելի է նախորդ տարիների ցուցանիշների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը՝ անդրադառնալով կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ ուսուցիչների բարձրաձայնած խնդիրներին և նրանց հետ ունեցած հանդիպմանը։
Փոխնախարարի խոսքով՝ նախորդ մի քանի շաբաթների ընթացքում անցկացվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունները, որոնց արդյունքների, ընթացքի և թեստերի վերաբերյալ մի խումբ ուսուցիչներ ունեցել են հարցեր։ Այդ հարցերը քննարկելու նպատակով հանդիպում է կայացել մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների, ինչպես նաև մի խումբ դասվարների հետ։

«Իմ տպավորությամբ՝ բավականին կառուցողական խոսակցություններ էին այն մասին, թե ուսուցիչներն ինչ հարցերի շուրջ ունեն անհանգստություններ, որոնք են այս գործընթացի վերաբերյալ նրանց հիմնական դիտարկումները։ Դրանց մի մասի արձագանքը պետք է տրվի բողոքարկման գործընթացի արդյունքում։ Մենք արդեն մի խումբ առարկաների բողոքարկման գործընթացը կազմակերպել ենք, արդյունքների մասին էլ հրապարակել ենք, հիմա առարկաների հաջորդ խմբին ենք անդրադառնալու»,- նշեց Բաբաջանյանը։
Նրա խոսքով՝ ուսուցիչների բարձրաձայնած հիմնական հարցերը վերաբերում են թեստերում ներառված առաջադրանքների քանակին և դրանց լուծման համար տրամադրված ժամանակին։ Դիտարկումներ են եղել նաև առաջադրանքների՝ համապատասխան ուղեցույցին համապատասխանության վերաբերյալ։
«Սրանք, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են, և բողոքարկման հանձնաժողովի նիստի շրջանակում այս հարցերին անդրադառնալու ենք։ Բայց ուզում եմ նաև նշել, որ երկխոսությունը շատ կարևոր է։ Հաշվի առնելով այս դիտարկումները՝ շարունակաբար լավարկում ենք մեր գործընթացները ոչ միայն կազմակերպման իմաստով, այլև թեստերի կազմման առումով։ Այնուամենայնիվ, այստեղ մասնագիտական երկխոսության կարիք կա»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ բողոքարկման հանձնաժողովում ներգրավված են նաև նախարարության ներկայացուցիչներ, սակայն հարցերը քննարկվում են մասնագիտական հարթությունում։
Անդրադառնալով այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներին՝ Բաբաջանյանը տեղեկացրեց, որ ատեստավորմանը մասնակցելու համար դիմել էր ավելի քան 10 հազար ուսուցիչ, որոնցից, նախնական տվյալներով, մասնակցել է 7914-ը։

«Սա օրինաչափ է. յուրաքանչյուր տարի դիմողների շուրջ 80 տոկոսը մասնակցում է ատեստավորմանը, մասնակցածների մոտ 65 տոկոսն էլ հաղթահարում է այն, և այս տարին բացառություն չէ։ Երբ դիտարկում ենք նախորդ տարիների պատկերը, տեսնում ենք, որ դինամիկան այս իմաստով համադրելի է։ Առանձին առարկաների մասով որոշակի դիտարկումներ լինում են, որոնց անդրադառնում ենք»,- ասաց նա։
Փոխնախարարը շեշտեց, որ ներկայացված ցուցանիշները դեռևս բողոքարկման գործընթացից առաջ արձանագրված արդյունքներն են, որոնք սովորաբար բողոքարկումից հետո փոքր-ինչ աճում են։
Նրա խոսքով՝ ներկայում ուսուցիչների ընդհանուր թվի շուրջ 30 տոկոսը հաղթահարել է կամավոր ատեստավորումը, այսինքն՝ հաղթահարում է մոտավորապես յուրաքանչյուր երրորդ ուսուցիչը։
Անդրադառնալով ուսուցիչների բողոքների օբյեկտիվության և թեստերի բարդության վերաբերյալ դիտարկումներին՝ Բաբաջանյանը նշեց, որ դրանց գնահատականը հնարավոր կլինի տալ միայն բողոքարկման գործընթացի ավարտից հետո, երբ մասնագիտական քննարկումներ կանցկացվեն կոնկրետ հարցերի և ձևակերպումների շուրջ։
Փոխնախարարը կարևորեց նաև քննության ընթացքում ուսուցիչների հոգեբանական լարվածության հանգամանքը։
«Այստեղ կա նաև որոշակի հուզական հանգամանք, երբ մարդիկ լարվում են այս գործընթացում, ներգրավված են մի կարևոր գործընթացում, որտեղ ուզում են արդյունք ցույց տալ։ Այդ լարվածությունն էլ, իրենց իսկ արձանագրմամբ, երբեմն պատճառ է լինում, որ այն արդյունքը, որ իրենց տպավորությամբ կարող էին գրանցել, չեն գրանցել»,- նշեց Բաբաջանյանը։
Ըստ փոխնախարարի՝ սահմանված կարգի համաձայն՝ բողոքարկման գործընթացի ավարտին արդյունքները կհրապարակվեն, և յուրաքանչյուր ուսուցիչ իր էլեկտրոնային հարթակում դրանց հասանելիություն կունենա։ Ուսուցիչների՝ կրկին հանդիպելու ցանկության դեպքում նախարարության ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել նրանց հետ։
«Այս պահին պայմանավորվածությունն այն է, որ իրենց բարձրաձայնած բոլոր հարցերին կանդրադառնանք բողոքարկման գործընթացի շրջանակում»,- ասաց նա։
Խոսելով հաջորդ ատեստավորման գործընթացում հնարավոր փոփոխությունների մասին՝ Բաբաջանյանն ընդգծեց, որ գործընթացների բարելավումը շարունակական բնույթ է կրում, իսկ ուսուցիչների հետ շփումների ընթացքում բարձրաձայնվող դիտարկումներին նախարարությունը լրջորեն է վերաբերվում և դրանք հաշվի առնում։
«Այս խոսակցությունները բացառություն չեն։ Մենք, բնականաբար, մեր հետագա քայլերի դիտարկման ժամանակ բարձրաձայնված առաջարկներին անդրադառնալու ենք»,- վստահեցրեց փոխնախարարը։
Բաբաջանյանը տեղեկացրեց նաև, որ հանդիպմանը մասնակցած ուսուցիչների շրջանում եղել են ինչպես առաջին անգամ ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներ, այնպես էլ այնպիսիք, որոնց համար սա արդեն երրորդ ատեստավորումն էր։
Փոխնախարարը հիշեցրեց, որ ատեստավորման կարգով նախատեսված են համապատասխան կարգավորումներ նաև այն դեպքերի համար, երբ ուսուցիչը չի հաղթահարում նվազագույն պահանջվող շեմը։
«Կարգավորման նրբություններ կան այն իմաստով, թե նախորդ գրանցված արդյունքի նկատմամբ որքան աճ է գրանցվում, և դրանով պայմանավորված՝ ուսուցիչը կարող է ևս մեկ տարի, օրինակ, մասնակցել վերապատրաստման և նորից դիմել ատեստավորման։ Այսինքն՝ դեպքերն առանձին են դիտարկվում»,- եզրափակեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում պարզվել է նաև, որ որոշ ուսուցիչներ կարգի առանձին դրույթների մեկնաբանության վերաբերյալ հարցեր ունեն, որոնց պարզաբանման հարցում նախարարության աշխատակիցները պատրաստ են աջակցել։
Փոխնախարարի հետ հանդիպման եկած ուսուցիչները հրաժարվեցին պատասխանել լրատվամիջոցների հարցերին:
