Անբարեխիղճ մրցակցություն պետական գնումներում. «Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերությունները տուգանվել են 29 854 000 դրամի չափով
2 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 29 854 000 ՀՀ դրամի չափով տուգանք է կիրառել ««Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ» անձանց խմբի նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության համար։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, պարզվել է՝ «Պռոլաբ» ընկերությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարած ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծերի պատրաստման ծառայությունների ձեռքբերման մրցույթներում ներկայացրել է նախահաշվային գների համեմատ անիրատեսական ցածր գնային առաջարկներ՝ սահմանափակելով մյուս մասնակիցների՝ հավասար մրցակցային պայմաններում հաղթելու հնարավորությունը։
Մասնավորապես՝ ուսումնասիրված շուրջ 40 գնման ընթացակարգերից 22-ում ընկերության առաջարկած գները պակաս են եղել նախահաշվային գնի 15%-ից, իսկ 13-ի դեպքում կազմել են նախահաշվային արժեքի 1%-ից էլ պակաս (ընդհուպ մինչև 288 դրամ, 9 դրամ և 0.9 դրամ՝ միլիոնավոր դրամների նախահաշվային արժեք ունեցող մրցույթներում)։
Հանձնաժողովը նաև պարզել է, որ «Պռոլաբ» ընկերության գործունեությունը շարունակաբար և առանց տնտեսական հիմնավորման կանխավճարների տեսքով ֆինանսավորվել է նրա հետ փոխկապակցված և անձանց խումբ կազմող «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերության կողմից նախագծման ոլորտի հնարավոր մրցակիցներին պետական գնումներից դուրս մղելու նպատակով։